Նախորդ անգամ, երբ դատարանը ներկայացրել էր կարմիր գծերի նախագծի մասին որոշումը, Երևանի քաղաքապետարանն այդ մասով բողոք էր ներկայացրել: Նաև բողոք է ներկայացվելու դատարանի երկրորդ որոշման դեմ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ նաև կպարզաբանվի հանրությանը, թե ինչի համար է այդ բողոքը ներկայացվում:
Քաղաքապետի խոսնակը նախ հիշեցրեց՝ կարմիր գծերի սակագնի բարձրացումը որոշակի նպատակ ուներ, այն է՝ թե՛ Կենտրոնի բեռնաթափում, թե՛ առհասարակ հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխությունների իրականացում:
«Առաջիկայում, երբ ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը է՛լ ավելի շատանա, մենք ավելի շատ կհամոզվենք, թե ինչի համար էր դա արված:
Առաջիկայում՝ հունիս ամսվա ընթացքում, մի շարք փոփոխություններ ենք արդեն ունենալու, և այդ մասով դրական փոփոխություններ կտեսնենք քաղաքում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2025 թ. մայիսի 23-ին Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։