Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքների մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահի խորհրդական, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:
Նա նշել է, որ բանակցությունների օրն ուկրաինական կողմին փոխանցված Ռուսաստանի հուշագիրը պարունակում է կետեր այն մասին, թե ինչպես հասնել երկարաժամկետ խաղաղության, և ինչ քայլեր ձեռնարկել լիարժեք հրադադարը հնարավոր դարձնելու համար:
Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների խոշորագույն փոխանակման շուրջ, հայտնել է Մեդինսկին։ «Բոլոր ծանր վիրավորներն ու ծանր հիվանդները կփոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով։ Հաջորդ շաբաթ Ռուսաստանն Ուկրաինային կհանձնի 6 հազար զինվորականի աճյուն»,- ասել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը։
Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է 2-3 օրով հրադադար հաստատել ռազմաճակատի որոշակի հատվածներում, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել զինվորների աճյունները: Նրա խոսքով՝ փոխանակումները տեղի կունենան պարբերաբար, աշխատանքային կարգով։
Ըստ Մեդինսկու՝ բանակցությունների ժամանակ կենտրոնական է եղել երեխաների թեման: «Մենք անընդհատ փորձում էինք ստանալ փաստաթղթեր, թե որ երեխաներն են «գողացվել Ռուսաստանի կողմից», ցուցակներ չկային։ Երկու կրակի միջև հայտնված երեխաները տարհանվել են, բայց եթե նրանք ընտանիք ունեն, հետ են վերադարձվում։ Առևանգված ոչ մի երեխա չկա։ Ցուցակում այդպիսի երեխաների 339 անուն կա, ոչ թե միլիոնավոր կամ հազարավոր, մենք կաշխատենք նրանցից յուրաքանչյուրի հետ»,- ասել է Մեդինսկին: