Երեկ Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է՝ ռուսները միշտ ստանում են այն, ինչն իրենց է պատկանում:
Մեկնաբանելով հրադադար հաստատելու Կիևի առաջարկը՝ նա նշել է. «Խաղաղ բանակցություններից առաջ հրադադար պահանջողներն ուղղակի պատմություն չգիտեն: Ռազմական գործողությունները միշտ ուղեկցվել են բանակցություններով»:
Ստամբուլյան հանդիպմանն է անդրադարձել ուկրաինական կողմը: Հանրապետության ԱԳՆ խոսնակը հերթական անգամ շեշտել է հրադադարի անհրաժեշտությունը:
Նա տեղեկացրել է, որ բանակցություններում ռուսական պատվիրակությունը մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնք անընդունելի են Կիևի համար:
Գեորգի Տիխիի խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայում հիանալի աշխատանք է կատարել: Գերատեսչությունից հիշեցրել են, որ հանդիպման արդյունքում հնարավոր է եղել պայմանավորվել գերիների մասշտաբային փոխանակման մասին՝ 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով:
Ստամբուլում Կիևի թիմի ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն էլ տեղեկացրել է, որ կողմերը կշարունակեն աշխատել հրադադարի ուղղությամբ:
Նրա համոզմամբ՝ հաջորդ քայլը պետք է լինի Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման կազմակերպումը: