Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, և կամրջի կոնստրուկցիաները սկսել էին քայքայվել։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
Տրանսպորտային հանգույցի թևերն արդեն իսկ ասֆալտապատ են։ Մոտ 30 մ երկարությամբ կամրջի երթևեկության մի ուղղությունը՝ 16.76 մ լայնությամբ, նորոգվել էր 2024 թվականին։ Այս տարի հիմնանորոգվում է կամրջի երկրորդ՝ Սևանից դեպի Երևան ուղղությունը՝ դարձյալ 16.76 մ լայնությամբ։ Կամրջի վրա նորոգվելու են միացման կարերը, կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, բետոնապատում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նախատեսված են մայթերի կառուցում և բազրիքների տեղադրում և այլն։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։