Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները, ընդգծել պետության աջակցությունը մի շարք ակնաբուժական ծրագրերի իրականացման գործում։
Հայաստանում այժմ կատարակտով պայմանավորված` կուրության դեպք գրեթե չի արձանագրվում։
Վերջին 7 տարիներին պետությունը 9 մլրդ 60 մլն դրամ է հատկացրել ծրագրի շահառու կատարակտ ախտորոշումն ունեցող պացիենտներին վիրահատելու և արհեստական ոսպնյակ տրամադրելու համար։
Արմեն Գասպարյանը խոսել է նաև վերջերս ներդրված եղջերաթաղանթի դոնորության մասին՝ այն համարելով մեր երկրի համար կարևոր ձեռքբերում։
Ակնաբուժության արդի թեմաների քննարկմանը և փորձի փոխանակմանը միտված համահայկական կոնֆերանսը կտևի 4 օր։