Այո՛, Մարտի 1-ն էլ, Հոկտեմբերի 27-ն էլ պետք է բացահայտվեն, որովհետև մեր ժողովրդի վստահությունը պետության նկատմամբ, իրավական համակարգի, քաղաքական համակարգի նկատմամբ սկսվում է հենց այդ հարցերից, որովհետև հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է, այդտեղ է, որ փորձ է արվել սպանել պետականությունը: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման ժամանակ կազմակերպված քննարկման շրջանակում:
«Մեզ բոլորիս հայտնի է Հոկտեմբերի 27-ից հետոյի կառավարման շրջանի ամբողջ համակարգը, այդ քրեաօլիգարխիկ համակարգը, որը ձևավորվել և մինչև 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն իր կյանքն է վայելել»,- ասաց Արշակյանը:
Ավելի վաղ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ Հոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը ակտիվ նախաքննության փուլում է, և որ այն իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։