Անվտանգության խորհրդի գրասենյակը մամուլում տեղ գտած՝ կոռուպցիայի մասին բոլոր հրապարակումները հավաքում, միասնական զեկույց է կազմում և ներկայացնում վարչապետին, պարզաբանել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով խորհրդարանում վարչապետի հայտարարությանը, որ կառույցից ստանում է այդ հրապարակումների մասին զեկույց: ԱԽ քարտուղարը նշել է, որ այդ աշխատանքը կատարում են արդեն երկար ժամանակ: Իսկ ինչու է իր ղեկավարած կառույցը զբաղվում այդ հարցով, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է, որ կոռուպցիան համարում են սպառնալիք մեր ազգային անվտանգությանը:
«Վարչապետը խոսել է մամուլում տեղ գտած կոռուպցիայի մասին հրապարակվող ինֆորմացիայի մասին»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ գրասենյակի հիմնական ուշադրությունը կառավարության անդամների, ՏԻՄ-երում աշխատող քաղաքացիների նկատմամբ է:
Խոսելով Խաղաղության պայմանագրի մասին՝ ասաց, որ դրա հետ կապված որևէ նոր բան չկա: «Այն, ինչ հրապարակային եղել է, կարելի է ասել, այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականաբար, կտեղեկացնենք հանրությանը»,- նշեց ԱԽ քարտուղարը: