ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին՝ Լինդսի Քորնելին (BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ) և Ուիլյամ Ջեքսոնին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Հանդիպմանը քննարկվել են թվային ռադիոհեռարձակման ցանցերի ներդրման՝ մասնավորապես DAB+ (Digital Audio Broadcasting Plus) հեռարձակման ցանցի պատկանելիության մոդելները, թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման միջազգային փորձը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները և բնակչությանը թվային ռադիո ընդունիչներով ապահովելու ուղղությամբ վարած քաղաքականությունն ու փորձը, շուկայում հաջողությամբ ներդրված կարգավորումներն ու սահմանափակումները, արտակարգ իրավիճակներում ազդարարման համակարգի ներդրման, եթերի պաշտպանվածության՝ մասնավորապես այլ երկրներից ռադիոհաճախականությունների ներթափանցման կանխարգելմանը նպաստող մի շարք հարցեր:
«Ընդգծել ենք, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ ոչ միայն ժամանակակից, այլև պաշտպանված ու ճկուն ռադիոհեռարձակման համակարգ՝ հասանելի հանրության լայն շրջանակներին։ Համատեղ քննարկումների արդյունքում արձանագրել ենք փոխգործակցության անհրաժեշտությունը և ձևավորել հետագա անելիքների շրջանակը»,- գրել է նա։