Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) առաջնորդները կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի հետ, որը ճանապարհ է բացել Գերմանիայի նոր կառավարությունում նախարարների նշանակման համար։
«Մենք ընտրության արդյունքները դիտարկում ենք որպես մեր երկրի համապարփակ նորացման մանդատ: Որպես հիմնական քաղաքական կուսակցություններ՝ մենք մեզ պատասխանատու ենք համարում դրան հասնելու համար»,- ընդգծվում է «Պատասխանատվություն Գերմանիայի համար» վերնագրով 144-էջանոց համաձայնագրում:
Փաստաթղթի ստորագրմամբ ավարտվում է իշխող կոալիցիայի ձևավորման գործընթացը, որը գլխավորում է Ֆրիդրիխ Մերցը։
Ավելի վաղ կուսակցությունները ներկայացրել էին Գերմանիայի նոր կառավարությունում առաջատար պաշտոնների համար իրենց թեկնածուներին։ Նորարարությունների թվում է պետության թվայնացման և արդիականացման նախարարության ստեղծումը։ Կաբինետի անդամների միջին տարիքը 50-ից ավելացել է մինչև 53 տարեկան։ Կառավարության կազմում կլինեն տասը տղամարդ և ութ կին։
Մայիսի 6-ին Բունդեսթագը Մերցին կընտրի Գերմանիայի նոր կանցլեր։ Նույն օրը տեղի կունենա նրա կառավարության անդամների երդման արարողությունը։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Լարս Քլինգբայլը կդառնա Գերմանիայի փոխկանցլեր։