Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը (Գերմանիայի հակահետախուզություն) «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն ամբողջ երկրի տարածքում ճանաչել է որպես «աջ ծայրահեղական»։ Այդ մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Նշվում է, որ «կուսակցությունը բնութագրվում է ծայրահեղական կողմնորոշմամբ և մարդկային արժանապատվության անտեսմամբ»։
Կուսակցության՝ որպես «կայացած ծայրահեղական կազմակերպության» դասակարգումը նվազեցնում է այսպես կոչված հետախուզական միջոցներով այն վերահսկելու խոչընդոտները: Որոշումը թույլ է տալիս հետևել կուսակցության հանդիպումներին, լսել հեռախոսային խոսակցությունները և հավաքագրել իրազեկիչների: Չի բացառվում, որ սկսվեն քաղաքական բանավեճեր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հնարավոր արգելքի շուրջ։
AfD-ի ներկայացուցիչները կուսակցության «աջ ծայրահեղական» որակումը քաղաքական մանևր են համարել, երկրի իշխանությանն էլ մեղադրել են այլախոհությունը հետապնդելու և ճնշելու համար: