Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մայիսի 9-ին չի ժամանելու Մոսկվա։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 30-ին հայտնել է, որ Մոդին չի մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Նա ասել է, որ Հնդկաստանի վարչապետը պաշտոնական հրավեր ստացել է ապրիլի սկզբին, բայց «չի գալու»։ «Հնդկաստանը ներկայացված կլինի, բայց ոչ ամենաբարձր մակարդակով»,- հավելել է Պեսկովը՝ չնշելով վարչապետ Մոդիի հրաժարվելու պատճառը։ Մայիսի 9-ի տոնակատարություններին Հնդկաստանը կներկայացնի երկրի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը, գրում է The Times of India-ն։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր Հաղթանակի օրը Մոսկվա ժամանելու Մոդիի հավանական համաձայնության մասին: Բացի այդ, դիտարկվել էր հնդիկ զինվորականների մասնակցությունը Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին:
Ինչպես նշում է The Moscow Times-ը, ակնկալվում է, որ մայիսի 9-ին Մոսկվա կժամանի 20 երկրի առաջնորդ, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որի այցին, ըստ Պեսկովի, «մեծ նշանակություն են տալիս և պատրաստվում են», Բրազիլիայի նախագահ Լուիշ Ինասիո Լուլա դա Սիլվան, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը և Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հյուսիսկորեացի զինվորականները նույնպես առաջին անգամ կմասնակցեն շքերթին։ Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին մասնակցելու նպատակով Մոսկվա կմեկնի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: