Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 8-ին Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում ընտրվել է գործադիր կոմիտեի անդամի թեկնածու:
Համաձայն Դատախազների միջազգային ասոցիացիայի կանոնակարգի` գործադիր կոմիտեի անդամը նշանակվում է ընդհանուր ժողովի կողմից՝ 3 տարի ժամկետով:
Ընդհանուր ժողովի հերթական հանդիպումը կկայանա 2025 թվականի սեպտեմբերին՝ Սինգապուրում, որի ընթացքում տեղի կունենան գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:
Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է նախագահից, փոխնախագահներից և անդամներից:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես գործադիր կոմիտեի անդամ առաջադրվում է առաջին անգամ:
Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցել դատախազներին ամբողջ աշխարհում՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։