ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց որոշումների կայացման մեխանիկան:
«Այդ երկու դրույթների վերաբերյալ արդեն բավականին երկար ժամանակ մենք ենք առաջարկ անում, իրենք են առաջարկ անում, և, ըստ էության, այդ դրույթներն էլ որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել, բայց վերջին այն պահից, երբ որ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և կարծես թե չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որ կարող է ընդունելի լինել և, ըստ էության, այս հանգամանքներում ընդունելի է ՀՀ-ի համար»,- նշեց վարչապետը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե որն է ադրբեջանական կողմի փոխզիջումը, նա ասաց.
«Հատկապես այս փուլում շատ կարևոր է, որ մենք, այսպես ասած, միակողմանի ձևակերպումներ և հայտարարություններ չանենք: Տեսեք՝ եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, և ՀՀ-ն էլ որոշել է, որ այս տեքստը նաև իրեն է ձեռնտու, և էլի եմ ասում՝ դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք, դրույթ առ դրույթ ամեն ինչի մասին խոսել ենք: Այո՛, մենք կայացրել ենք որոշում, որովհետև համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին կարող է լինել խաղաղության համաձայնագիրը: Դուք գիտեք՝ այլ ժանր, այլ բանաձև խաղաղության պայմանագիրը չի նախատեսում»:
ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ: