Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ և շարունակելու ենք աշխատել: Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ: Դա շատ վատ է, կարծում եմ՝ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես հասկանում են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին:
«Մենք շարունակելու ենք աշխատել: Հայաստանն իր դիրքորոշումով, հայտարարություններով, ընդառաջ գնալով, ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության և շարունակելու է այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել: Հույս ունենք, որ Թուրքիան, տեսնելով այդ քայլերը, նույնպես կսկսի իր դիրքորոշումն ավելի հստակ արտահայտել»,- նշեց ԱԺ նախագահը:
Լրագրողներից մեկի հարցին՝ որտեղից դրական ազդակները Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ, եթե ձեռք բերված պայմանավորվածությունները մինչև հիմա չեն կատարվել, Սիմոնյանը ասաց՝ Ժնևում Թուրքիայի ԱԺ նախագահի հետ իր վերջին հանդիպումը եղել է շատ դրական:
«Ակնհայտ է, որ Հայաստանի գործելաոճն այն բանի մասին է, որ Հայաստանը միտում ունի խաղաղություն կնքելու»,- ասաց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցն էլ է, մեծ հաշվով, Ադրբեջանի դաշտում է մնացել:
«Ադրբեջանի նախագահի ցանկության պարագայում մենք երեկ կարող էինք այդ հարցը լուծել և ստորագրել, բայց հիմա տարբեր աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, և ադրբեջանական կողմը փորձում է մաքսիմալ քամել այդ հնարավորություններից, բայց իրենք այլևս ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ մենք ունենք, ո՛չ էլ աշխարհը:
Եթե իրենք իրոք խաղաղություն են ուզում կնքել, այդ հնարավորությունը երեկ կար, այսօր էլ կա»,- համոզված է Ալեն Սիմոնյանը: