Օրեր առաջ ավտոբուսում միջադեպ էր տեղի ունեցել, երբ վարորդը տարեց մարդուն մի փոքր կոշտ ձևով դուրս էր հրավիրել, քանի որ նա երթևեկում էր առանց վճարի։ Կանխավարկած կար, որ պապիկն ունի 2-րդ կարգի հաշմանդամություն և կարող է անվճար երթևեկել, սակայն դեռ չէր ստացել իր արտոնությունը՝ միգուցե տեղյակ չլինելու կամ ընթացակարգը չիմանալու պատճառով։ Այդ մասին ասված է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի Ֆեյսբուքի էջում:
«Մենք գտանք այդ մարդուն, և հաշմանդամության կարգի հաստատումից հետո նրան տրամադրեցինք տարեկան անվճար փաթեթ, որով նա կարող է անսահմանափակ օգտվել ավտոբուսից, մետրոյից և տրոլեյբուսից։
Շնորհակալություն Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին՝ այս հարցն արագ և պատշաճ լուծելու համար:
Հարգելի քաղաքացիներ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորների կողմից ուղեվարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման միջադեպերից խուսափելու համար խնդրում ենք պահպանել Երևանի ավագանու որոշման դրույթները։
Չնայած այս ամենին՝ հավելեմ, որ վարորդը ստացել է նկատողություն՝ բարեվարքության կանոնները խախտելու համար»,- նշված է գրառման մեջ։