ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը այսօր հանդիպել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելությանը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։
ԵՄ գործընկերներին է ներկայացվել ՔԿԱԳ համակարգի ընդհանուր նկարագիրը, կայացման փուլերն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների ցանցի ընդլայնմանն ու համակարգի թվայնացմանն ուղղված քայլերը:
Մանրամասն քննարկվել են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում ներդրված՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման միասնական
www.e-civil.am համակարգի հնարավորությունները, դրա ինքնաշխատ փոխկապվածությունը
www.e-citizen.am կայքի հետ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, ինչպես նաև պետական տարբեր մարմինների փոխկապվածությունը «EKENG» փոխգործելիության հարթակի միջոցով:
Ներկայացվել է նաև էլեկտրոնային
verify.e-gov.am համակարգի միջոցով տրամադրված յուրաքանչյուր պաշտոնական փաստաթղթի իսկության ստուգման հնարավորությունը՝ այդ փաստաթղթերի վրա գեներացված արագ արձագանքման կոդի (QR) կամ տրամադրված 16 նիշանոց ունիկալ (չկրկնվող) հսկիչ համարի կիրառմամբ:
Հանդիպումը եզրափակվել է հարցուպատասխանով և փորձի փոխանակման հետագա հնարավորության վերաբերյալ պայմանավորվածության նախանշմամբ։