Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը՝ Ղարիբ Բաբայանը, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Այս մասին հայտնել է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված՝ հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածվել և լայն արձագանք էր գտել տեսանյութ, որտեղ մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» են երգում:
ԱԱԾ-ն պարզաբանում էր տարածել՝ հայտնելով, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: