Պայմանագրով բոլոր դրույթները կարգավորված են, կարծում եմ՝ դա արդեն զուտ իրավական տիրույթի հարց է: Մի բան հստակ է՝ համերգը չի կայացել: Իհարկե, այնպես չէ, որ որևէ մեկը կցանկանար այս տարբերակը: Գիտեք, որ 2023-ի սեպտեմբերի հայտնի իրադարձությունների պատճառով համերգը տեղի չունեցավ:
Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Սնուփ Դոգին վճարված համերգի գումարը վերադարձվելո՞ւ է պետբյուջե:
«Ամեն ինչ պլանավորված էր, նախապատրաստված էր, և այդ իմաստով սա որևէ մեկի դիտավորությունը չի, բայց ստեղծված հանգամանքները բերել են այն իրավիճակին, որ 2024-ին համերգը հնարավոր չի եղել կազմակերպել: Կազմակերպության ջանքերն արդյունքի չեն հասել, հետևաբար, ամեն ինչ պարզ է, պետք է գումարները վերադարձվեն»,- ասաց նախարարը:
Հարցին՝ արդյոք հստակ ժամկետ չկա՞, թե երբ պետք է կազմակերպիչներն արձագանքեն, Անդրեասյանը նշեց՝ կարծում է՝ առաջիկա օրերին արդեն արձագանք կունենանք:
«Ըստ այդմ՝ պարզ կլինի»,- խոսքը եզրափակեց նախարարը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը 2 միլիարդ 318 միլիոն դրամ էր հատկացրել աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար:
Համերգը պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում: