Ազգային ժողովի, Կառավարության, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացման միջոցառում։
Ինչպես հայտում են ՇՄՆ-ից, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նախարար Հակոբ Սիմիդյանը և անդրադարձել ծառայության գործարկման նախապատմությանը․
«2024 թվականի հունվարի 1-ից գործում է Էկոպարեկային ծառայության մասին նոր օրենքը, և օրենսդրության գործարկումից հետո մենք ձեռնամուխ ենք եղել ծառայության կայացման գործընթացին։ Բավականին ծավալուն օրենսդրական աշխատանքից հետո արդեն հասել ենք ծառայության համալրման գործընթացին»։
Նախարարն անդրադարձել է բնության պահպանության գործառույթի կատարմանը տարբեր ժամանակներում և հիշեցրել, որ անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանությունն իրականացվել է տարբեր մարմինների կողմից և ոչ 24-ժամյա գրաֆիկով, ինչը շատ դեպքերում արդյունավետ չի եղել, ինչն էլ հիմք է հանդիսացել միավորելու այդ մարմինները և գործառույթները։
«Հույս ունեմ՝ այս ծառայության շնորհիվ կկարողանանք կրճատել ապօրինությունների շղթան, որն ունենք մեր անտառների, կենդանական և բուսական աշխարհի հանդեպ»,- նշել է նախարարը։
Ելույթներով հանդես են եկել Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։
Ներկայացվել են ծառայության կառուցվածքը, գործառույթները, հաստիքների համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։
Ելույթներին հաջորդել է հարցուպատասխան, և միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել պատասխանատուներին ուղղել իրենց հուզող հարցերը։
Ամփոփելով միջոցառումը՝ նախարար Սիմիդյանը նշել է, որ ծառայության վերաբերյալ իրազեկման հանդիպումները լինելու են շարունակական, և հորդորել է քաղաքացիներին՝ դիմել և մասնակցել հայտարարաված թափուր հաստիքների համալրման մրցույթներին։