Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին հանդիպել է Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԻՊ Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում, մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։
![](/attachments/images/441954991_777680904550844_4606577190669660454_n.jpg)
Քննարկվել են սոցիալական, կրթական, անվտանգային, երեխաների, երիտասարդների իրավունքների, ազատությունից զրկված անձանց իրավունքների, կալանքի կիրառման վերաբերյալ և մի շարք այլ հարցեր:
ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները և մտահոգությունները։
Անահիտ Մանասյանը նշել է, որ քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցությունն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այդ համագործակցության արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
![](/attachments/images/441963719_777680971217504_6234658108780088958_n.jpg)
«Ինձ համար չափազանց կարևոր է մարզերի բնակչության իրավունքների պաշտպանությունը։ Այդ համատեքստում կարևորում եմ առկա խնդիրների մասին անձամբ ձեզանից լսելը։ Ես իմ լիազորությունների շրջանակում պատրաստ եմ ցանկացած հարցում աջակից լինել Ձեզ»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրները համատեղ աշխատանքով լուծելու նպատակով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։