Առաջին դրվագով, որը վերաբերում է Անի Իսպիրյանին, չկան «կաշառք» բառը և կամ «այլ կերպ մոտիվացված լինելու» արտահայտությունը, և չկա բյուջեի փողերի ծախս, այսինքն՝ այդ դրվագով բյուջեի միջոցները չեն ծախսվել, որ հետո գնանք, հասկանանք՝ ոնց է ծախսվել, և չկա նաև որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք, ուստի ինձ համար մի քիչ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում «չարաշահում»: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ձերբակալված նախկին փոխնախարարի և ևս 6 անձանց մասով երկու քրեական վարույթներին, որոնք առնչվում են առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին:
«Մենք ավելի քան վստահ ենք, որ այդ տենդերային գործընթացը եղել է անընդհատ իրավաբանների և մյուս գործընկերների, այդ թվում՝ ֆինանսների նախարարության հսկողության տակ, և մենք ավելի քան վստահ ենք, որ դատարանով էլ, քննությամբ էլ կպարզվի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որևէ խախտում չի լինի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ պետք է սպասել, որպեսզի ՔԿ-ի գործընկերները պարզաբանեն, թե ինչ են հասկանում «չարաշահում» ասելով:
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: