ԱԳ նախարարների «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում. այն նախատեսված է անցկացնել 2024-ի առաջին կիսամյակում: Թեհրանում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ամփոփելիս նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Վերջինիս խոսքով` հանդիպման ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակին, գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի, Իրանի ու Ադրբեջանի և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացների առիթով:
Լավրովը շեշտել է, որ ՌԴ-ն ակտիվորեն աջակցում է այս բոլոր ուղղություններով հարաբերությունների կարգավորման գործընթացներին: Նա հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, կարգավորվել է.
«Կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և սա գլխավոր չլուծված խնդիրն էր: Այժմ մնում են գործնական քայլերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ, ամենից առաջ խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանների սահմանազատման, տնտեսական, տրանսպորտային կապերի անխոչընդոտ հարթման առումով, ինչպես և պայմանավորվել էին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ»:
Նշելով, որ Երևան-Բաքու հարաբերությունների վերոնշյալ հայեցակետերն ուղղակիորեն «3+3» ձևաչափով չեն քննարկվում` Լավրովը հայտարարել է, որ նշված հարթակն օբյեկտիվորեն օգնում է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում դեռևս առկա հարցերը: ՌԴ ԱԳ նախարարը նաև մեկնաբանել է Երևանի ու Բաքվի շփումներն ԱՄՆ և ԵՄ հետ` Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցում: Նա նշել է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը նախկինում պայմանավորվել էին ստեղծել սահմանազատման հարցերով հանձնաժողով, որի աշխատանքին, որպես խորհրդատու, կմասնակցի նաև ռուսական կողմը:
Լավրովի խոսքով` «բավական տևական ժամանակ այդ հանձնաժողովը հանդիպումներ չի ունեցել, թեպետ նախորդ տարվա ընթացքում եղել և շարունակվում են ԵՄ և ԱՄՆ կողմից սահմանազատման գործընթացին միջամտելու փորձեր»:
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է` իրենք դեմ չեն ցանկացած շփման, որը հայերն ու ադրբեջանցիներն օգտակար կհամարեն, սակայն հավելել է.
«Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատման քննարկման և համաձայնեցման համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում, նախևառաջ, քարտեզներ, որ մնացել են դեռ խորհրդային ժամանակներից, ունի միայն ՌԴ-ն: Մեր գործընկերները դա հասկանում են, և մենք չենք փորձում դա մեծ պատմություն դարձնել, թող նրանք բախտը փորձեն և Բրյուսելում, եթե նման ցանկություն ունեն: Բայց մենք միշտ պատրաստ ենք իրապես օգնել գործնականում սկսել սահմանազատման աշխատանքները»: