«Որտեղից այն կանխավարկածը, որ ՌԴ-ն փակել է, փակում է կամ փակելու է իր շուկան մեր առջև. մենք ԵՏՄ անդամ ենք»,- Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք ԵՄ-ն, ի պատասխան ՌԴ շուկայի փակման, կբացի իր շուկան ՀՀ-ի առաջ:
Խոսելով կոնյակի արտահանման հետ կապված վերջին խնդրի մասին` Փաշինյանը նկատեց.
«Վերջին քսան տարում քանի անգամ է նման իրավիճակ եղել. մեր ուղերձը տնտեսվարողներին եղել է հետևյալը` մենք ավելի մեծ սկզբունքայնություն պետք է ցուցաբերենք, որակի ստանդարտներին պետք է լրջորեն հետևել. սա մեր քաղաքականությունն է և շարունակելու է մնալ. եթե մեր որակի ստանդարտները լինեն պատշաճ, մեր շուկաները բացել-փակելու խնդիր որևէ մեկը չի կարող ունենալ: Երբ մեր ապրանքները լինեն որակին համապատասխան և շուկայական մրցունակ, բոլոր շուկաներն էլ բաց են նրանց առաջ. ով ասաց, որ ԵՄ շուկան մեր առաջ փակ է»:
Դիտարկմանը, թե ՀՀ-ն վեկտոր է փոխում, վարչապետն արձագանքեց.
«Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում. ես մի փաստ արձանագրեմ և գաղտնիք բացեմ. ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, ըստ էության, զարգանում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության հիման վրա և այդ պայմանագրի շրջանակներում: Այն 18 թվից առաջ է ստորագրվել և վավերացվել, ուժի մեջ է մտել մեր օրոք, բայց վավերացվել է այն ժամանակ, երբ ՌԴ հետ այդ տերմինաբանությունը ոչ ոք չէր օգտագործում: Այո, հարաբերությունների բարդ ժամանակաշրջան է. բարդություններ կան և՛ Հայաստանի, և՛ ՌԴ-ի, և գլոբալ աշխարհակարգի համար, բայց պրոբլեմը մեր ու ՌԴ-ի հարաբերությունների մեջ չէ, այն ուրիշ` մեծ տերությունների հարաբերությունների մեջ է»:
Փաշինյանն ընդգծեց` մենք ոչ մի բան էլ չենք փոխում. այլ առկա համաձայնագրի շրջանակներում շարունակում ենք զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: