Կան ուժեր, որ հույս ունեն` Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի անկայունություն կամ ճգնաժամ մտցնել, իշխանության կամ կառավարման ճգնաժամ մտցնել, դա նաև երևում է ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի շեշտադրումներից և նպատակադրումներից: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արձագանքելով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, թե իրենք շեղվել են հեղափոխության արժեքներից՝ Փաշինյանը պատասխանեց.
«Ինձ համար տարօրինակ պնդում և հայտարարություն է, որովհետև ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել, որ մենք շեղվել ենք հեղափոխության ճանապարհից: Նա Երևանի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո հայտնվել է բեմահարթակին, այնտեղից նման հայտարարություններ արել, կարծում եմ` իր բեմական կարիերայում առաջին անգամ է, որ քաղաքական ժանրի հումոր է անում և բովանդակությունը չի համաձայնեցնում հումորի օբյեկտների և հերոսների հետ, այս փաստը ինքնին վկայում է, որ ՀՀ-ն հեղափոխական արժեքների ճանապարհից չի շեղվել, այլապես, ինչպես նախկինում մեր գործընկերները բեմերից հումորներ անելիս, նախապես թույլտվություն կստանային իշխանությունից, օլիգարխներից, մյուսներից»:
Վարչապետը նշեց, թե անձամբ իր հետ նման խոսակցություն Հայկ Մարությանը չի ունեցել երբեք, մինչդեռ այդ խոսակցությունը եթե լիներ, պետք է լիներ հենց իր հետ, քանի որ իր աջակցությամբ է, որ նա հայտնվել է, դարձել է հեղափոխական թիմի քաղաքապետի թեկնածու:
«Նա ինձ մոտ է եկել, ինձնից է խնդրել աջակցություն Երևանի քաղաքապետի թեկնածու դառնալու համար, այդ աջակցությունը ստացել է ինձնից` պատրաստակամություն հայտնելով ՔՊ կուսակլցության անդամ դառնալու, հավաստիացնելով, որ գալիս է` այս թիմը ուժեղացնելու, բայց մինչ օրս ես նրանից որևէ բացատրություն կամ խոսակցություն չեմ լսել, որ մենք հեղափոխության արժեքներից շեղվել ենք»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց` որևէ մեկին պիտակ կպցնելու անհրաժեշտություն չկա, ընդգծեց` հավատացած է, որ մեր ժողովուրդը ինտուիտիվ շատ լավ հասկանում է տեղի ունեցող խաղի տրամաբանությունը:
«Նա ամեն ինչ անում էր, որ լինի մոտիկ, երբեմն ամենանեղ քաղաքական թիմից ավելի մոտիկ, նույնիսկ դրա համար դիմում էր գրել կուսակցության անդամ դառնալու, ես լիարժեք վստահությամբ եմ վերաբերվել նրա այդ ցանկությանը` ի հեճուկս մեր բազմաթիվ թիմակիցների, որ ասում էին` նա գալիս է որպես «գաստրալյոր», և իրադրության փոփոխության դեպքում հին սցենարը դեն է շպրտելու: Զուտ մարդկային առումով ես դժվարությամբ եմ նայում իմ գործընկերների աչքերին, որ ժամանակին այդ զգուշացումն անում էին»,- ասաց նա: