Դպրոց-մանկապարտեզ, թունել ու կամուրջ, ճանապարհ ու բնակելի թաղամասեր կառուցողներն են՝ շինարարից մինչև նախագծող, ճարտարապետ ու վերահսկող, ոլորտի մասնագետներ ու պատասխանատուներ, և նրանց համար նախատեսված՝ մեդալներ ու պատվոգրեր՝ արդեն պատրաստ են՝ ըստ անունների:
«Շինարարի օրը երկրի համար է կարևոր օր, քանի որ ոլորտի զարգացումը նշանակում է երկրի ռազմավարական զարգացում». ոլորտի ներկայացուցիչներին վարչապետն է դիմում, շեշտում՝ ցանկացած երկրի զարգացման տեմպն ուղիղ համեմատական է շինարարության տեմպին:
Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ - Դա մի ժամանակ էր, որ մեզ թվում էր, որ գումարն ամենամեծ պրոբլեմն է: Հիմա պարզվում է, որ գումարն ընդհանրապես պրոբլեմ չի: Պրոբլեմն այդ գումարն արդյունավետ ծախսելն է և դրա դիմաց արժեք ստանալը՝ մնայուն, որակյալ արժեք ստանալը: Այս առումով, իհարկե, նկատելի է նաև ոլորտում ներդրումների աճը: Եվ վիզուալ փոփոխություններ կան նաև, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում այնպիսի շինարարական տեխնիկա կա, որ մենք մի ժամանակ միայն ֆիլմերում էինք տեսնում կամ արտերկրում:
Շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է դառնա ինդուստրիա՝ վարչապետի շեշտադրումն է:
Նիկոլ Փաշինյան - Այստեղ էլ է մտածողության փոփոխություն պետք, և ես շատ ուրախ եմ, որ դահլիճում տեսնում եմ նաև շատ փորձառու շինարարների, ովքեր տասնյակ տարիներ զբաղված են եղել ոլորտում և հայտնի են իրենց ձեռքբերումներով, բայց նաև շատ երիտասարդերի եմ տեսնում, և այս փորձի և էներգիայի սիներգիան պետք է բերի մեզ այն արդյունքների, որ մենք ակնկալում ենք: Եվ, իրոք, խոսքը երկրի զարգացման մասին է: Շինարարությունն այդ առումով նշանային է, որովհետև չի կարող լինել երկիր, որը մեծ տեմպերով զարգանում է, և այնտեղ նոր շենքեր, նոր տներ, նոր բնակավայրեր չեն գոյանում:
Շինարարության ոլորտում նախորդ տարվա համեմատ 17 տոկոս աճ կա, սակայն պատվերն ավելի մեծ է, վարչապետը թվեր է նաև ներկայացնում՝ պետական ոլորտում կա 300 դպրոցի և 500 մանկապարտեզի, տարեկան 500կմ ճանապարհի, 50 բժշկական կենտրոնի նախագծեր, 55000 բնակարան էլ շինարարության տարբեր փուլում է: Բայց քանակը չէ միայն կարևոր, վարչապետը շեշտադրում է նաև որակը:
Նիկոլ Փաշինյան - Մենք այսօր տեսնում ենք շենքեր, բայց շատ հաճախ չենք տեսնում էսթետիկա, մենք երբեմն տեսնում ենք էսթետիկա, չենք տեսնում որակ, երբեմն տեսնում ենք որակ, չենք տեսնում տեմպ և այսպես շարունակ:
Եվ հենց այսօր նաև նոր նշաձողեր դնելու ժամանակն է: Վարչապետը ոլորտում հանդիպող խնդիրներից է օրինակներ բերում:
Նիկոլ Փաշինյան - Պաշտպանության նախարարության հայտնի նախկին շենքը, որ պետք է ապամոնտաժվի, որ մեծ պետական ծրագիր պիտի իրականացնենք, բայց չորս տարի է` այդ շենքը մենք քանդում ենք: Այստեղ և՛ մասնավոր ոլորտի, և՛ պետական ոլորտի խնդիր է: Էլ չեմ ասում՝ հայտնի չի, թե ինչքան ժամանակում այդ շենքը կկառուցենք:
Ծափեր և շնորհակալություն նաև պետական պարգևների տեսքով, մասնագիտական տոնի առթիվ շինարարներին վարչապետն է նախ պարգևները հանձնում:
Հուշամեդալներ, շնորհակալագրեր հանձնեցին նաև Երևանի քաղաքապետարանը, Քաղաքաշինության կոմիտեն: Շինարարներից մի քանիսն էլ «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանն արժանացան:
Կառավարել մեծ հոսքերը և վերածել երկարաժամկետ արդյունքի. վարչապետի հոդորն է ծանրաբեռնված ոլորտի աշխատակիցներին: