«Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն դոկտոր Սայմոն Ադամսը տեղեկացրել է, որ համացանցում ադրբեջանամետ օգտահաշիվներից իրեն պարբերաբար վիրավորում են՝ Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու իր կոչերի համար։ «Նշեմ, որ ես հայ կամ ամերիկացի չեմ։ Ես պարզապես հավատում եմ մարդու իրավունքներին և մարդա-սիրությանը»,- Twitter-ում գրել է Ադամսը։
ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է. ՄԻԼԼԵՐ
Խաղաղության համաձայնագրին հասնելու համար ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը՝ անդրադառնալով Մոսկվայից վերջերս հնչած հայտարարությանը, թե «հապճեպ» պատրաստված փաստաթուղթը հակամարտության վտանգ է պարունակում։ Մեթյու Միլլերը ընդգծել է՝ «չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրի մեկնաբանություններին»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է»։
ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ՇԻՖ
Այն օրվանից, երբ սկսվեց Լաչինի միջանցքի արգելափակումը, ես Կոնգրեսի իմ գործընկերների և երկրի հայերի հետ կոչ եմ արել Սպիտակ տանը, պետքարտուղարությանը և Միջազգային զարգացման գործակալությանը միջոցներ ձեռնարկել ԼՂ ժողովրդի և նրա ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար,-՝ Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
«Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Արցախ կենսական անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնելու և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին Արցախից դուրս բերելու թույլտվության մերժման հետևանքով միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտության տևական լուծում գտնելու անհրաժեշտությունն օրեցօր աճում է: Ես համառորեն կոչ եմ արել Ադրբեջանին վերացնել շրջափակումը և թույլ տալ, որ մարդասիրական օգնությունն ազատ տեղաշարժվի Լաչինի միջանցքով, և ես կոչ եմ արել նախագահ Բայդենին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված ծանր իրավիճակը կարգավորելու համար»,- նշել է Շիֆը։
Նա շեշտել է, որ միշտ անսասան է եղել ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու իր հանձնառության մեջ՝ դատապարտելով հրադադարի ռեժիմի խախտումները, հանդես գալով հայ ռազմագերիների ազատ արձակման օգտին, կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։
Շիֆի կարծիքով՝ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ օգնության դադարեցումը և ճգնաժամի պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։
«Ես միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- հավաստիացրել է Շիֆը։
ԱՄՆ-Ն 200 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Միացյալ Նահանգները այսօր մտադիր է հայտարարել Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին՝ հաղորդում է Reuters-ը։ Գործակալության աղբյուրի տվյալով՝ փաթեթը կներառի հակատանկային հրթիռային համալիրներ, ականազերծման միջոցներ և Patriot զենիթահրթիռային համալիրների զինամթերք:
Ավելի վաղ Վաշինգտոնը խոստովանել էր, որ թյուրիմացության պատճառով սխալ էր գնահատել Կիևին փոխանցված սպառազինության մի մասի արժեքը, որը ուռճացված է եղել մոտ 6,2 մլրդ դոլարով: Այժմ ԱՄՆ-ն ձեռնամուխ է լինում Ուկրաինային այդ գումարի չափով ռազմական օգնության տրամադրմանը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԺՀ-Ն ԳՈՐԾՈՒՄ Է ՕԲՅԵԿՏԻՎ ԵՎ ՌԱՑԻՈՆԱԼ. ՎԱՆ Ի
Չինաստանն անկախ դիրքորոշում ունի ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և փորձում է գտնել դրա լուծման խաղաղ ճանապարհը: Այդ մասին, ըստ Չինաստանի ԱԳՆ մամուլի հաղորդագրության, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է արտգործնախարար Վան Ին։ Ըստ նրա՝ Պեկինն ակտիվորեն նպաստում է խաղաղ գործընթացին և առաջ մղում բանակցությունները։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հարցը լուծելիս Պեկինը գործում են «օբյեկտիվ և ռացիոնալ»: Վաշինգտոնն էլ դրական է գնահատել Ուկրաինայի հարցով Սաուդյան Արաբիայում գումարված համաժողովին Չինաստանի մասնակցությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Ըստ նրա՝ ամերիկացի պաշտոնյաները Ջիդայում հնարավորություն են ունեցել առանձնազրույց ունենալու չինացի պատվիրակների հետ: