ԲԼԻՆՔԵՆԸ ԵՎ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:
Պաշտոնյաներն անդրադարձել են Հարավային Կովկասում իրադարձություններին, մասնավորապես` Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենն ընդգծել է կողմերի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է. ՖԻԴԱՆ
Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում կարգավորման գործընթացներն ակտիվացել են, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը Անկարայում հանրապետության դեսպանների ամենամյա համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի դարաշրջանում» կարգախոսով։
«Մենք աշխատում ենք Հարավային Կովկասում կայունության հաստատման ուղղությամբ», - շեշտել է դիվանագետը:
Ֆիդանի խոսքով՝ Հարավային Կովկասում բարեկեցության և անվտանգության ապահովման համար կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան:
«Համակարգված գործողությունները տարածաշրջանում կայունության հիմնական պայմաններն են», - հավելել է Ֆիդանը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐԻՆՋԵ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ
Թուրքիայի արևմուտքում գտնվող Դերինջե նավահանգստում՝ Ստամբուլից 95 կմ հեռավորության վրա, հզոր պայթյուն է որոտացել։ 10-ից ավելի մարդ վիրավորվել է: Տեղական իշխանության տվյալով՝ պայթյունի հետևանքով վնասվել են ցորենի պահեստավորման համար նախատեսված 16 էլևատորներից 13-ը։ ԶԼՄ-ները գրում են, որ վնասվել են նաև նավահանգստից ոչ հեռու գտնվող տների պատուհանները:
Ըստ նախնական վարկածի՝ միջադեպը տեղի է ունեցել նավը հացահատիկով բեռնելու ժամանակ, որպես պատճառ է նշվում հացահատիկի փոշու դետոնացիան։
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԼՈՒՐՋ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ. ԶԱԽԱՐՈՎԱ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սաուդյան Արաբիայում օգոստոսի 5-6-ը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով անցկացված խորհրդակցությունները, որոնց մասնակցել են ներկայացուցիչներ շուրջ 40 երկրից. Ռուսաստանը քննարկումներին ներկա չի եղել:
«Չնայած Կիևն արգելում է Մոսկվայի հետ բանակցությունները՝ մենք պատրաստ ենք արձագանքել կարգավորման մասով լուրջ առաջարկներին։ Առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու՝ ճգնաժամի հետ կապված ցանկացած հանդիպում անիմաստ է», - նշել է Զախարովան:
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ «հակամարտությունը արդարացի լուծում կստանա, միայն երբ Կիևը դադարեցնի ռազմական գործողություններն ու ահաբեկչական հարձակումները, իսկ Արևմուտքը վերջ տա ռազմական մատակարարումներին»։
Զախարովան պնդել է՝ խաղաղությունը հնարավոր է, եթե հաստատվի Ուկրաինայի «չեզոք, դաշինքներից դուրս, ոչ միջուկային կարգավիճակը»։ Նա հավելել է՝ պետք է նաև հաշվի առնվեն տարածքային նոր իրողությունները:
Ուկրաինայի նախագահի գրասենյակն էլ հայտարարել է, որ Կիևը փոխզիջումների չի գնա և ինքնանպատակ բանակցություններ չի վարի, քանի դեռ ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքում են:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՎՐՈՊԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՏԱՊԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԴԵՄ
Հարավային Եվրոպան շարունակում է պայքարել ռեկորդային բարձր ջերմաստիճանի և անտառային հրդեհների դեմ:
Ակնկալվում է, որ այս շաբաթ Իսպանիայի Սևիլյայի շրջանում, ինչպես նաև Մադրիդում ջերմաստիճանը կհատի 40-ը: Երկրի որոշ հատվածներում հրդեհներ են մոլեգնում:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Կիպրոսում գրանցվել է 35 աստիճան ջերմություն: Իշխանությունները մտավախություն ունեն, որ Լիմասոլի շրջակայքում մոլեգնող հրդեհները ուժեղ քամու պատճառով կարող են տարածվել: Հորդանանն ու Հունաստանն արդեն հրշեջ ինքնաթիռներ են ուղարկել Կիպրոս։
Հունաստանում հանգստյան օրերին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել հրդեհի մոտ 70 օջախ, սակայն այստեղ ևս ուժեղ քամիների պատճառով մի շարք բնակավայրեր վտանգի տակ են:
Հրշեջները փորձում են մարել իտալական Սարդինիա կղզում բռնկված հրդեհները, հայտնի է տուժածների մասին, հարյուրավոր մարդիկ տարհանվել են:
Միաժամանակ, լրատվամիջոցների տվյալով, Եվրոպայի կենտրոնական հատվածում և հյուսիս-արևմուտքում նորմայից ցածր ջերմաստիճան է գրանցվել։ Իսկ Շվեդիայում և Նորվեգիայում բնակիչները նույնիսկ նախազգուշացվել են հնարավոր ջրհեղեղների մասին:
Միացյալ Նահանգներում ևս սաստիկ շոգեր են: Ֆենիքս քաղաքում ջերմաստիճանը հատել է 43-ը: Եղանակի պատճառով տասնյակ քաղաքացիներ հոսպիտալացվել են: Հայտնի է շոգից մահվան 30-ից ավելի դեպքի մասին: