Հայաստանում բուժումն ավարտած արցախցի ամուսինները սպասում են օր առաջ իրենց վերադարձին: Լեռնային Ղարաբաղում տանն են թողել անչափահաս որդուն, մտածում են` եթե թույլ տան, յոթ թոռներին կոնֆետներ կտանեն: Հարազատների հետ միշտ չէ, որ կարողանում են կապ պահպանել, հոսանքի անջատումների պատճառով հաճախ հնարավոր չէ նաև հեռախոսով շփվել:
«Թոռս համարյա մի տարի շոկոլադ չի կերել, 7 հատ թոռ ունեմ, ամեն մեկին մի պակետ տամ»:
Տոպրակում մի քանի տուփ շոկոլադ է, չգիտեն` երբ կգնան, ու չգիտեն՝ երբ էլ գնան՝ այս մի քանի տուփը կկարողանա՞ն տանել.
«Որ իմանամ` կթողնեն, ինչքան փող ունեմ, կոնֆետ կառնեմ, կտանեմ»:
Տեսախցիկի դիմաց խոսել չեն ցանկանում. Կարմիր Խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո անցակետի 2 կողմում գտնվող արցախցիները արդեն վախեր ունեն...ու եթե Լեռնային Ղարաբաղից հայաստան տեղափոխվելու համար անգամ ծայրահեղ ծանր վիճակում բուժառուները հրաժարվում են, ապա Հայաստանից՝ հետ` տուն գնալու դեպքում.
«Երեքշաբթի տանին, երեքշաբթի էլ կգնամ, մեծ ուրախությամբ»:
«3 ամուսնացած աղջիկ ունեմ, 7 թոռ»:
Տարբեր հասակի են` 7, 8, 5, 2, 4 5 ամսական...:
Ամուսինները հուլիսի 3-ին են Կարմիր Խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել, ամիսներ շարունակ շրջափակված լինելու հետևանքով ժամանակին բուժում չէր ստացել, և ողնաշարի ճողվածքը այնքան էր բարդացած, որ հենակներով էր շարժվում: Վիրահատվել է Երևանում, և հուլիսի 22-ից Գորիսում սպասում է տուն վերադարձին:
Ասկերանի շրջանից են, այս ամիսներին բակում աճող վարունգ, լոբի, կարտոֆիլով է ընտանիքը ապրում, նաև Ստեփանակերտում ապրող թոռներին են բաժին հանում:
«Էսօր ինչ ես կերել, դեդոն ինչ բերի քեզ»:
«Շոկոլադ»:
Ստեփանակերտում ապրող աղջկա, թոռների հետ կապ հաստատել հաջողվեց.
«Բա էսօր ինչ եք եփել ուտելու՝ կարտոշկա... »:
«Կարտոշկան ուղղակի եփում ենք, ուտում չոր-չոր: Գիշերվա 3-ից հերթ ենք կանգնում, կարող ա` մի հացով գնանք տուն»:
Աղջկա հետ մայրը չխոսեց, որ չարտասվի, հետո մեզ պատմեց՝ հերթը չհասած՝ հացը վերջացել է, հարևանն է 2 հացից մեկը տվել աղջկա 5 հոգանոց ընտանիքին:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան