Ինչու Երևան հասած, հաշմանդամություն ունեցող պատանիները չէին կարողացել օգտվել հանգստի գոտու ծառայությունից, երեկ երեկոյան համացանցում շատերն էին դատապարտում կատարվածը: Ինչ է կատարվել իրականում. պատմում են կողմերը:
Երեխաների 8 հոգանոց խումբը Վանաձորից Երևան էր եկել հանգստանալու նպատակով: Հարազատներից մեկի խոսքով՝ «Ջրաշխարհ» ու «Ակվատեկ» հանգստի գոտիներում հաշմանդամություն ունեցող պատանիների համար տեղ չէր գտնվել:
Հասմիկ Սողոմոնյան (երեխաներից մեկի տատիկը) - Ես էսօր եղա «Ակվատեկ»-ում, մեր երեխաների համար էնտեղ ամենաբարդ խնդիրը մենակ երևի բախիլ հագնել էր: Ճիշտ է` թեքահարթակ չկար, բայց աստիճանները հարմար էին ցանկության դեպքում սայլակներն իջեցնելու համար: Թվով 8 հաշմանդամություն ունեցողներից ընդամենը 4-ն էին սայլակով:
Կատարվածի մասին հարցնում ենք նաև մասնակիցներից՝ Ստեփանին:
Ստեփան Յավրյան - Հասել էինք տեղ, որ արդեն պետք է մտնեինք, ասացին` չեք կարող մտնել, դուք իրենց կխանգարեք, իրենք ձեզ կխանգարեն:
Երեխաների խումբը ղեկավարել է կամավոր Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքով` անբարեհաճ վերաբերմունք չի եղել: Ինքն է որոշել այդտեղ չհանգստանալ՝ մեծ թվով այցելուների պատճառով: Խուսափել են հնարավոր անհարմարություններից: Այն, որ «երեխաները կխանգարեն մյուսներին, մյուսներն էլ՝ երեխաներին», այդպիսի խոսակցություն եղել է, ասում է նա, սակայն այլ համատեքստում:
Արմեն Խաչատրյան (կամավոր, հաշմանդամություն ունեցող երեխաների խմբի ղեկավար) - Այն կոնտեքստով է եղել, որ` շատ կամավոր լինի ,երեխային օգնեք, նեղվածություն է լինելու, այսինքն` տարածքի խնդիր է լինելու: Այսինքն` մարդիկ հասկացել են, որ մեզ էդտեղից ուղղակի դուրս են հանել, բայց էդպիսի խնդիր չի եղել:
Իրենց վարկածն է ներկայացնում նաև «Ակվատեկ» համալիրի տնօրենությունը:
Վահագն Պետրոսյան («Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրի պատասխանատու) - Երբ որ մենք զննեցինք տարածքը, Արմենի հետ ուսումնասիրեցինք մեր ջրային գոտին, մարդաշատ էտ տարածքը «Ակվատեկ»-ում, քանի որ կիրակի էր, և բավականաչափ մարդիկ կային... Արմենն ընդունեց, որ այդքան հարմար չի լինի երեխաներին, որովհետև իրենք իրենց ազատ և հարմարավետ չեն զգալու… մենք ուղորդեցինք իրենց, առաջարկեցինք այցելել «Ջրաշխարհ», քանի որ այնտեղ կան շատ ավելի լավ հարմարություններ, որ դուք հիմա տեսնում եք, օրինակ, նույն անվասայլակների մուտքի հնարավորություններն են, ջրային գոտին շատ ավելի մեծ է, և հարմար է մուտքը:
Հաշմանդամություն ունեցող անձանց խմբեր «Ջրաշխարհ»-ն ընդունում է, ասում է «Վալենսիա» ընկերության տնօրեն Աշխեն Մաթևոսյանը, միայն անհրաժեշտ է նախօրոք ամրագրել: Երեխաների խմբի ղեկավարը զանգահարել է, ծանոթացել պայմաններին, սակայն ամրագրում չի արել:
Աշխեն Մաթևոսյան («Վալենսիա» համատեղ ձեռնարկություն ՍՊԸ տնօրեն) - Երբ մենք իմանայինք, որ 20 և ավելի հոգի են. այդ խումբն արդեն այդքան կազմ ուներ, մենք մեկ պարտադիր անվտանգության աշխատակից կհրավիրեինք հավելյալ աշխատանքի և մեկ փրկարար, որովհետև իրենք ունեն դրա կարիքը: Եվ բժիշկը, որը մեզ մոտ համատեղությամբ և «Ջրաշխարհ»-ում է, և «Ակվատեկ»-ում, այդ ժամերին կգտնվեր «Ակվատեկ»-ում:
Խնդրին անդրադարձել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը, նշել, որ դեպքն ուսումնասիրում են` դրան համարժեք ընթացք ապահովելու նպատակով: