Լեռնային Ղարաբաղի նախագահը տեսանյութ-ուղերձ է հղել, որում դիմում է ՌԴ-ին, ԵԱՀՄ ՄԽ-ին, ՄԱԿ-ին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը:
«ՀՀ-ին հորդորում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը, որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձևի ընդունման նպատակով:
Կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Լաչինի միջանցի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական և այլ հարթակներում ակտիվորեն բարձրաձայնելու և միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ»,- ասված է ուղերձում:
ԼՂ նախագահը հորդորում է նաև դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով:
«Միաժամանակ վճռականորեն կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, հասարակական և քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում: Որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր ագրեսիվ գործողություններին»,- ասաց ԼՂ նախագահը: