Երևանում ընտրողների թիվը նվազել է մոտ 25 հազարով: Ավագանու ընտրություններին ընդառաջ` լրագրողների հետ հանդիպմանը թվերը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Վահագն Հովակիմյան (ԿԸՀ նախագահ) - Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների թվաքանակը հուլիսի 14-ի դրությամբ 823 559 է: Նախորդ ընտրություններում՝ 2018-ի սեպտեմբերի 23-ին, այդ թիվը եղել է 848 հազար:
Նվազման պատճառն, ըստ Հովակիմյանի, ընտրացուցակից 6 ամիս և ավելի ժամկետանց փաստաթղթեր ունեցող քաղաքացիներին հանելու հանգամանքն է: Օրենսդրական այս փոփոխությունն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարից։
Սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության առաջադրումները սկսվել են այսօրվանից, դեռ որևէ ուժ հայտ չի ներկայացրել: ԿԸՀ նախագահը, վկայակոչելով նախորդ ընտրությունների փորձը, նկատեց, որ նախատեսված փաստաթղթերը քաղաքական ուժերը հանձնաժողովին ներկայացնում են վերջնաժամկետից մեկ-երկու օր առաջ, իսկ վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է:
Վահագն Հովակիմյանը նաև տեղեկացրեց, որ սպասվող ընտրություններում կուսակցությունների առաջադրման առցանց գործիքակազմն ընդլայնվել է:
Վահագն Հովակիմյան - Համացանցի միջոցով են կազմակերպվելու նաև վահանակների հայտերը: Ինչպես գիտեք, 5 քմ-ն գերազանցող գովազդային վահանակները բաշխվում են քաղաքական ուժերի միջև վիճակահանությամբ: 2021-ի փոփոխություններով, վիճակահանությամբ բաշխվող պլազային վահանակների շարքին էին ավելացել նաև վերելակներում, տրանսպորտի կանգառներում և մետրոպոլիտենի տարածքում տեղադրված վահանակները:
Նախկինում կուսակցությունները թղթային տարբերակով ներկայացնում էին ցուցակներում ընդգրկված անձանց հայտարարագրերը և կրիչով էլ ներկայացնում էին էլեկտրոնային տարբերակները: ԿԸՀ նախագահը տեղեկացրեց՝ այժմ կուսակցություններն իրենց օգտահաշիվների միջոցով հնարավորություն են ունենալու թեկնածուների տվյալներին կցել նաև տվյալ թեկնածուի հայտարարագիրը: Նախկինում լինելով կառավարող ՔՊ կուսակցության անդամ` կկարողանա ապահովել ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը. լրագրողի հարցին Հովակիմյանը դրական պատասխան տվեց:
Վահագն Հովակիմյան - Որովհետև մինչև ՔՊ անդամ լինելը ես եղել եմ լրագրող, և երկար տարիներ իմ գործունեությունը նվիրված է եղել ազատ, թափանցիկ, մրցակցային ու արդար ընտրություններ ունենալուն: Կուսակցական լինելը չի ենթադրում լինել հանցագործ:
Պատասխանելով անհավասար քարոզչության վերաբերյալ հարցին` բանախոսն ասաց՝ ամենամեծ մոլորությունն այն է, թե մրցակցությունը սկսվում է այն պահին, երբ նշանակվում են ընտրություններ:
Վահագն Հովակիմյան - Մրցակցությունը քաղաքական ուժերի միջև առկա է միշտ: Այն ուղղակի քարոզչության տեսքով իրավունք չունեն արտահայտել բացառապես քվեարկության օրը և դրա նախորդ օրը: Մեր քաղաքական դաշտին շատ կնպաստի, եթե մեր քաղաքական ուժերը ընտրությունների միջև ընկած 5 տարիները օգտագործեն իրենց գաղափարները, հայացքները տարածելու, համախոհներ ներգրավելու ուղղությամբ:
ԿԸՀ նախագահը տեղեկացրեց նաև, որ հրավերներ են ուղարկվել 20 երկրի ընտրական մարմինների և 5 միջազգային կազմակերպությունների, որոնցից մեկը միջազգային դիտորդական առաքելություն է իրականացնելու, մյուսները ընտրական համակարգում մասնագիտացված կազմակերպություններ են: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրություն այս պահին հայտնել է ավելի քան 10 քաղաքական ուժ: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից։
Հեղինակ` Տաթև Խաչատրյան