ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, մինչև ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի մեկ տասնյակ կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորի սահմանային հատված են այցելել, որտեղ արդեն 9 օր է` հայկական 19 բեռնատար սպասում են հումանիտար օգնության` Լեռնային Ղարաբաղ տեղափոխմանը: Միջազգային կառույցի ներկայացուցիչներին ցույց է տրվել Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետը և ներկայացվել ստեղծված իրավիճակը:
Նախքան կառույցի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների այցը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված խնդիրների վերաբերյալ հաղորդումներով: Գուտերեշը հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ և կոչ է անում հրատապ միջոցներ կիրառել` կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունը ապահովելու համար:
Արդեն Կոռնիձորում իրավիճակին ծանոթանալուց հետո Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը հումանիտար ճգնաժամի վերաբերյալ «Լուրերի» հարցին ի պատասխան միայն գլխավոր քարտուղարի հայտարարությունն է մեջբերել և նշել.
Նաննա Սկաու (Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար) - Ես չեմ կարող ավելին ասել, քան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն է: Մենք ակնկալում ենք, որ այդ հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի:
Հայաստանի ԱԳՆ ներկայացուցչի դիտարկմամբ` նման այցերը լավ առիթ են, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները հենց տեղում գնահատեն իրավիճակը և հավաստիանան, որ միջանցքը լիովին փակ է ցանկացած տեսակի հումանիտար շարժման համար: Հայաստանը մեծ ակնկալիքներ ունի, որ միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա հնարավորություն կտա վերաբացելու միջանցքը և թույլ տալու հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
Դավիթ Կնյազյան (ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետի պաշտոնակատար) - Դա շատ կարևոր է այն առումով, որ ի ցույց դնենք` Ադրբեջանի հայտարարությունները, թե միջանցքը բաց է, կեղծիք են, որ ի ցույց դնենք` Ադրբեջանը չի կատարում իր` իրավական ուժ ունեցող պարտավորությունները, որոնք սահմանված են միջազգային հումանիտար իրավունքով և արդարադատության միջազգային դատարանի հայտնի որոշումներով:
Այնուհետև ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Գորիս, որտեղ Սյունիքի մարզպետի տեղակալը ևս ներկայացրել է իրավիճակը, պատասխանել նրանց հարցերին:
Հայկ Հարությունյան (Սյունիքի մարզպետի տեղակալ) - Դժվար թե ինչ-որ մեկը պատկերացներ, որ մենք 21-րդ դարում ականատես կլինենք մի խոսույթի, որն Ադրբեջանն է առաջ քաշել. դա այսպես կոչված «ինտեգրումն» է՝ սովամահության ճանապարհով:
ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչները նաև հանդիպել են քաղաացիների հետ, որոնց հարազատները Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ են և հումանիտար լրջագույն խնդիրների են բախվում:
«Կյանքի ճանապարհը բացեք գնանք»:
«Ինձ էլ հարազատներ ունեմ, ախպերս, ախպորս խոխեքը, ասումա մի հատ կանֆետի, մի ձվի կարոտ ենք, քեռու խոխերքը, լրիվ ընդեղ են»:
ՄԱԿ ներկայացուցիչները լսել և գրանցել են բարձրացված հարցերը:
Հեղինակներ` Նիկոլայ Ավետիսյան, Իրինա Մկրտչյան