Սյունիքի մարզպետն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հավատարմագրերը հանձնելուց կարճ ժամանակ հետո Սյունիք այցելելու համար։
«Սա ևս մեկ անգամ հաստատում է Ֆրանսիայի Հանրապետության ուշադրությունը Սյունիքի նկատմամբ, և մարզի բնակչության անունից շնորհակալություն եմ հայտնում այն բանի համար, որ ամեն օր տարբեր մակարդակներում զգում ենք Ֆրանսիայի աջակցությունը», - ասել է մարզպետը։
Պարոն Դըկոտինյին նշել է, որ ինքը նշանակումից հետո Երևանից դուրս առաջին այցը պետք է կատարեր հենց Սյունիք, ու սա պահատահականություն չէ․
«Սյունիքը ռազմավարական կարևորություն ունեցող մարզ է ու նաև դիմագրավում է սպառնալիքների, և մարզի կայունությունը կարևոր է ողջ Հայաստանի համար»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական, մշակութային, առողջապահական ոլորտներում, ինչպես նաև համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր։
Անդրադարձ է եղել նաև Սյունիքի և Օվերնյ-Ռոն-Ալպի միջև կնքված համագործակցության համաձայնագրի կետերի առավել ակտիվորեն իրագործմանը։
Սյունիքի մարզպետն ու ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել են երկկողմ ջերմ բարեկամական ու սերտ համագործակցային հարաբերությունների խորացման պատրաստակամությունը։