Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ անվտանգային մարտահրավերները, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների և զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքները: Ալեն Սիմոնյանը կարևորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը:

Անդրադառնալով նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության իրավունքների ոտնահարումից՝ նշելով, որ նրանք փաստացի պատանդի կարգավիճակում են հայտնվել:
.jpg)
ՀՀ ԱԺ նախագահը լեհ գործընկերոջը տեղեկացրել է, որ մարդասիրական իրավիճակն օրեցօր վատթարանում է, և Լաչինի միջանցքի հնարավորինս արագ ապաշրջափակումը խիստ հրամայական է: Այս համատեքստում նա երախտագիտություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձևի կապակցությամբ, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների:
Լեհաստանի Սենատի նախագահը նշել է.
«Մենք հասկանում ենք, որ հայերն իրենց պատմության ընթացքում և մինչ օրս ստիպված են անընդհատ պայքարել. այդ վիճակի համար մենք մեծ ցավ ենք ապրում»:
Նա ընդգծել է, որ Լեհաստանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ՝ հարգելով հակամարտողների ցանկությունը և իրավունքները:
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին: