Այս պահին մեր՝ ՀԱՊԿ-ում գտնվելը, մեծ հաշվով, իհարկե, որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը ամրապնդելու համար, և շարունակելու ենք այս աշխատանքը։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ՀԱՊԿ-ը Հայաստանին ինչ օգուտ է բերում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դժվար կլինի նպաստելու որևէ օրինակ գտնել 2020 թվականից սկսած. Ադրբեջանի կողմից երեք լայնածավալ հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն Հայաստանին ցույց չի տվել, և երբ վերջում Հայաստանը այլընտրանքներ որոնեց և գտավ այնպիսի այլընտրանք, ինչպիսին է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության՝ Հայաստանում տեղակայումը, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսեց առաջարկել իր օգնությունը։ Հայաստանը երեք անգամ հարձակման է ենթարկվել, և վերջում այսպես կոչված ռազմական դաշինքն առաջարկում է փաստահավաք առաքելություն ՀՀ-ում. սա առնվազն լուրջ չէ»,- նշեց Գրիգորյանը։
Նա նաև անդրադարձավ ՌԴ-ից զենքի գնման համար վճարելուն և մատակարարում չիրականացվելու խնդրին։
«Մենք ՌԴ-ից զենք ենք ակնկալել ստանալ, որը չի հասել. հաջորդ շաբաթ մեկնելու եմ Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հանդիպմանը, եթե երկկողմ հանդիպում տեղի ունենա, կքննարկենք երկկողմ հարաբերությունների հարցեր։ Բայց հաշվի առնելով այն իրականությունը, որ գոյություն ունի՝ ՌԴ-Ուկրաինա պատերազմը, Ռուսաստանի կարողությունը սպասարկելու իր պատերազմը և այն, որ կարողությունն այնքան էլ մեծ չէ, որ արտահանում լինի, մենք գնացել ենք նաև այլ ռեսուրսներ որոնելու ճանապարհով. կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ինտենսիվ քննարկումներ ենք ունենում զենք գնելու մասով. մի մասով արդյունքներ ունենք, մյուս մասով բանակցությունները շարունակվում են։ Հայաստանը եթե խնդիրներ է ունենում, այլընտրանքային լուծումներ է գտնում, մինչև գոյացած խնդիրը լուծվի»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Նա շեշտեց, որ անվտանգություւնը բազմաշերտ է, և անվտանգության ապահովման համար պետությունները կարիք ունեն ոչ միայն ռազմական դաշինքների մաս լինել, այլև սեփական կարողություններն ունենալ. «Այս կոնտեքստում շատ կարևոր է Հայաստանի կողմից առաջ տարվող խաղաղության օրակարգը։ Կարող է քննադատություն հնչել, որ Հայաստանը խաղաղության օրակարգ է տանում, Ադրբեջանը սրան մարտահրավեր է նետում, բայց մեր խաղաղության օրակարգը նաև որոշակի կայունություններ է ստեղծում. այս պահին Հայաստանը հիմնականում կենտրոնացած է իր կարողություններն ավելացնելու, որևէ այլընտրանք չի փնտրում միջազգային անվտանգային կազմակերպությունների մասով, և նաև մենք տեսնում ենք երկկողմ համագործակցությունը՝ որպես հավելյալ երաշխիքներ։ Ինտենսիվ զարգանում են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, ինտենսիվ զարգանում են Հայաստան-ԵՄ մի շարք երկրների հետ հարաբերությունները, Հնդկաստանի հետ ունենք շատ բազմաշերտ համագործակցություն, հարևան երկրների հետ ենք հարաբերությունները փորձում կարգավորել և ինտենսիվ համագործակցություն ունենալ։ Չեմ ասի, որ ամբողջովին մեր անվտանգության պահանջարկի հարցերը լուծվում են, բայց սրանք ուղղություններ են, որոնցով փորձ ենք կատարում մի մեծ ծավալ փակել»,- նշեց Արմեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։