Դատախազությունը պահանջում է պատերազմից հետո ստեղծված ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի նկատմամբ 500 հազար դրամ տուգանք կիրառել:
Ըստ իրավապահների՝ 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին՝ Ազատության հրապարակում ընդդիմության անցկացրած հանրահավաքների ժամանակ, փետրվարի 26-ին՝ Բաղրամյան պողոտայի հանրահավաքի ժամանակ, Մանուկյանը իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել։
Արմեն Գևորգյան (մեղադրող դատախազ) - Առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով, նրան մեղսագրված արարքը որակված է ճիշտ:
Մանուկյանի գործով նիստը ավարտական փուլում է, դատարանն անցել է վիճաբանությունների փուլին, որի ընթացքում դատախազ Արմեն Գևորգյանը հանդես եկավ մեղադրական ճառով, մեջբերեց Մանուկյանի երկու ելույթներն ամբողջությամբ.
«Վերջինս իր կողմից հնչեցված կոչերում ակնհայտորեն խոսում է իշխանությունն իրականացնող քաղաքական ուժի Սահմանադրությամբ սահմանված կարգի շրջանցմամբ փոխելու, պետական իշխանության այլ կերպ տիրանալու մասին»:
Պաշտպանական կողմն իր ճառում նշեց՝ Մանուկյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, նրա մեղավորությունը ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել:
Էրիկ Ալեքսանյան (Վազգեն Մանուկյանի պաշտպան) - 2021 թվականի փետրվարի 12-ի ելույթում Վազգեն Մանուկյանը խոսել է ներկայիս իշխանության քաղաքական հենարանների մասին և խոսել է դրանց նկատմամբ հանրային պարսավանքի և ճնշման վերաբերյալ։ Իր խոսքերում բռնություն կատարելու մասին որևէ կոչ չի եղել։
Ըստ դատախազի՝ Մանուկյանը իր բազմաթիվ ելույթներում փաստացի մերժել է իշխանափոխության օրինական եղանակները: Օրինակ, 2021-ի փետրվարի 12-ին Մանուկյանը կոչ է արել բռնություն գործադրել բարձրաստիճան զինվորականների, ոստիկանների և պատգամավորների նկատմամբ:
Արմեն Գևորգյան - Մեջբերում եմ. «ժողովուրդը իրանց պիտի թույլ չտա փողոց դուրս գան, իրանք պետք ա վախենան փողոցով գնան, իրանք պետք ա վախենան սրճարան, ռեստորան մտնել, խմբեր կազմել, ջոկատներ կազմել, մի խումբը կգա, կգնա մի պատգամավորի հետևից, մյուս խումբը կգնա մի ոստիկանի հետևից»:
Գևորգյանը հիշեցրեց Մանուկյանի հնչեցրած երկու առաջարկ պարունակող՝ 21-ի փետրվարի 20-ի ելույթը:
Արմեն Գևորգյան - Պլան Ա-ի և պլան Բ-ի մասին առաջարկ անելով` հենց ինքն իր խոսքում բացառում է Ա պլանում մատնանշված ապստամբության խաղաղ օրենքով սահմանված ձևով իշխանափոխության հասնելու հնարավորության հանգամանքը և մատնանշում է առաջինին հակադիր պլան Բ-ն՝ ցանկացած պահի կայծակնային արագությամբ ապստամբելու, իշխանությունը վերցնելու, պատրաստ լինելու մասին:
Ըստ պաշտպան Ալեքսանյանի՝ Մանուկյանի մեղքը բերված ապացույցները չեն հաստատում:
Արմեն Գևորգյան - Քանզի գործում առկա ոչ մի ապացույց բառի իրական իմաստով չի պարունակում բռնության կիրառման որևէ տարր։ Իսկ Վազգեն Մանուկյանի` ՀՀ իշխանությունների վերաբերյալ խիստ քննադատությունները պետք է դիտարկվեն բացառապես քաղաքական կոնտեքստում և խոսքի ազատության տիրույթում, որը որևէ կերպ ոչ մի հանցակազմի հատկանիշներ չի կարող պարունակել:
Ամփոփելով` դատախազն ասաց` Մանուկյանը հանդիսացել է ՀՀ 3-րդ վարչապետը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զբաղեցրել է պետական նախարարի, ապա պաշտպանության նախարարի պաշտոնները, իսկ հետագայում ԱԺ պատգամավոր է եղել, Հանրային խորհրդի նախագահ: Սրանք պատիժը մեղմացնող հանգամանքներ են, ուստի միջնորդեց Մանուկյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել ոչ թե ազատազրկման, այլ՝ 500 հզ դրամ տուգանքի: Վազգեն Մանուկյանը պնդեց նախորդ նիստերում հնչեցրած իր դիրքորոշումները՝ իրեն մեղավոր չճանաչելով: Հաջորդ նիստին ամբաստանյալին վերջին խոսքի իրավունք կտրվի, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան