Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Վալերիու Քիվերին (նստավայրը՝ Կիև):
Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:
«Համոզված եմ, որ Ձեր նշանակումը իսկապես կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը՝ հաշվի առնելով նաև Ձեր դիվանագիտական հարուստ փորձը, վստահեցնում եմ, որ Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում լիովին կաջակցեմ Ձեզ մեր երկրների համագործակցությունը զարգացնելու հարցում»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:
Վալերիու Քիվերին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստակամորեն ջանքերը կգործադրի հայ- մոլդովական փոխգործակցության զարգացման ուղղությամբ: «Մեր ժողովուրդների հարաբերություններն ու բարեկամությունը դարերի պատմություն ունի և ես հնարավորինս կաշխատեմ իմ նպաստը բերել այդ համագործակցությանը»,-ասել է դեսպանը:
Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Իր խոսքում նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակիչները հայտնվել են հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առաջ: Նախագահը շեշտել է, որ չնայած Լաչինի մարդասիրական միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել այն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի պաշտոնական փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը: Այս կապակցությամբ կարևորվել է Մոլդովայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի նշանակման հարցը, որը ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում է: