Եթե տնտեսվարողներն, օրինակ, որոշեն միավորվել, միաձուլվել, ձեռք բերել միմյանց փայաբաժնի կամ ակտիվների 20 տոկոսը, «համակենտրոնացում» կոչվող այդ գործարքից առաջ պետք է տեղեկացնեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ համակենտրոնացումը հայտարարագրելու:
Շուշան Սարգսյան (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ) - Օրենսդրությամբ սահմանված է այդպիսի գործարքների նկատմամբ վերահսկողություն, ինչը հանձնաժողովի կարևոր գործիքներից է, որի նպատակն է կանխարգելել շուկայում մրցակցության սահմանափակումը, գերիշխող դիրքի առաջացումը կամ ամրապնդումը, ինչպես նաև սպառողների շահերի վնասումը:
Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը պետք է հայտարարագրել, եթե ակտիվների և հասույթի չափը գերազանցում է հանձնաժողովի որոշմամբ սահմանված շեմը: Օրենսդրական դաշտը հստակեցվել ու պարզեցվել է: Եվ եթե նախկինում կար 8 տեսակի շեմ, ու ընկերությունների համար դժվար էր գնահատել իրենց ընտրած համակենտրոնացման տեսակը, հետևաբար և այն՝ գործարքը պետք է հայտարարագրել թե ոչ, հիմա այդ շեմերը 2-ն են՝ եթե ակտիվների կամ հասույթի արժեքը 3 կամ 4 միլիարդ դրամ է. նվազագույն շեմը 1 մլրդով բարձրացել է:
Շուշան Սարգսյան - Որպեսզի ավելի փոքր սուբյեկտների գործարքները անհարկի չհայտնվեն հանձնաժողովի վերահսկողության ներքո:
Բայց անկախ շեմից` համակենտրոնացումը ենթակա է հայտարարագրման, եթե գործարքի կողմերից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի մենաշնորհ կամ գերիշխող դիրք:
Ի դեպ, տնտեսվարողները հանձնաժողովին կարող են դիմել և ամբողջ փաստաղթղթաշրջանառությունը իրականացնել առցանց:
2022 թվականից գործարկվել է հանձնաժողովի նոր կայքը և ինտերակտիվ էլեկտրոնային հարթակը: Շատ պարզ է կիրառման համար հարթակը. սուբյեկտը մուտք է գործում հանձնաժողովի առցանց հարթակ` լրացնելով մի քանի տվյալներ: Նույնիսկ էլեկտրոնային ստորագրություն չի պահանջվում:
Համակենտրոնացման հայտարարագրման խախտումների համար նախատեսված է տուգանք: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022-ին հայտնաբերել է չհայտարարագրված համակենտրոնացման 13 դեպք: Տուգանքի ընդհանուր չափը կազմել է 33.5 միլիոն դրամ: 2021-ին 11 դեպք է հայտնաբերվել: Տուգանքներ չեն կիրառվել և նախընտրելի է համարվել նախազգուշացումը: 2023 թվականին հանձնաժողովը սահմանել է տուգանքի հաշվարկման նոր մեթոդաբանություն. չհայտարարագրված համակենտրոնացումների համար բազային գումարը կլինի 2 մլն դրամ: Կախված գործի ծանրացուցիչ կամ մեղմացուցիչ հանգամանքներից` տուգանքը կարող է ավելանալ կամ պակասել: Արգելված համակենտրոնացման համար պատասխանատվությունը տնտեսվարող սուբյեկտի հասույթի մինչև 10 տոկոսի չափով է:
Հեղինակ` Աննա Զախարյան