ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Ավերիչ երկրաշարժից 17 օր անց Հայաստանի արտգործնախարարը Սիրիայում է: Արարատ Միրզոյանին Դամասկոսում դիմավորեց Սիրիայի իր գործընկերը:
Արարատ Միրզոյանն առանձնազրույցի ընթացքում Հայաստանի և հայ ժողովրդի ցավակցությունն ու զորակցությունը փոխանցեց Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ Մեկդադին: Կողմերն արձանագրեցին, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Ընդգծվեց, որ Սիրիայի հայ համայնքը յուրահատուկ կամրջի դեր ունի երկու երկրների միջև:
Արտգործնախարարները քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Նախարար Միրզոյանին ընդունեց նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը: Քննարկվեցին հայ-սիրիական երկկողմ հարաբերությունները, միջազգային հարթակներում գործակցությունը:
Հայաստանի ԱԳ նախարարը Սիրիայի նախագահին ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ՀՀ-ԻՑ ՍԻՐԻԱՅԻՆ
Հալեպում բեռնաթափվեց Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը՝ ավելի քան 30 տոննա սնունդ և առողջապահական պարագաներ: Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հայաշատ այս քաղաքում այցելեց երկրաշարժից տուժած Ալ Շաար շրջան, այնուհետև հանդիպեց Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի աշխատակիցների հետ:
Հայկական պատվիրակության կազմում Սիրիա է մեկնել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: Հիմնադրամը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո դրամահավաք էր կազմակերպել:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մենք 140 հազար դոլար նվիրաբերում ենք Սիրիայում գործող բոլոր հայկական կրթօջախներին` որպես ֆինանսական աջակցություն աշխատակազմին, ուսուցիչներին, կրթօջախներին, որտեղ կան թե՛ հայեր, թե՛ ոչ հայեր: Միևնույն ժամանակ 3 ուսումնական հաստատություն է տուժել, որոնց վերանորոգման համար այդ գումարից կհատկացվի, և այս աջակցությունը շարունակական կլինի:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը աղետից տուժած հայ համայնքին աջակցությունը շարունակելու է՝ ուշադրության կենտրոնում պահելով կրթական և առողջապահական խնդիրները:
Հեղինակներ` Անի Օհանյան, Մարիա Գաբրիելյան