Ռուսաստանի արտգործնախարարությունն արձագանքել է ԵՄ խորհրդի որոշմանը՝ 2 տարով հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Հայտարարության մեջ նշված է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների դիտարկումը ԵՄ փորձագետների կողմից հավելյալ արժեք չունի: Ըստ Մոսկվայի՝ եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Հարավային Կովկասում խաղաղությամբ, ապա առաքելության պայմանները կհամաձայնեցներ նաև Ադրբեջանի հետ:
ՌԴ ԱԳՆ գնահատմամբ՝ Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում միայն կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել հակասությունները: Գերատեսչությունում նաև վրդովմունք են հայտնել, որ ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքներն ավարտին հասցնելու փոխարեն՝ Երևանը գերադասել է ընտրել Եվրամիությանը:
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների անշեղ և հետևողական կատարումն է: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- նշված է հայտարարությունում։