Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել լուծարել Մոսկվայի հելսինկյան խումբը՝ Ռուսաստանի ամենահին իրավապաշտպան կազմակերպությունը, որը գործում է 1970-ականներից։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պահանջել էր կազմակերպությունը լուծարել անցյալ տարվա դեկտեմբերին՝ պատճառաբանելով, որ որպես տարածքային կազմակերպություն գրանցված խմբի ներկայացուցիչները մասնակցել են այլ մարզերի միջոցառումներին։
Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը մեծ մեղք է գործում՝ ոչնչացնելով իրավապաշտպան շարժումը երկրում:
Մոսկվայի Հելսինկյան խումբը 1976 թվականից աշխատում է բացահայտելու մարդու իրավունքների խախտումները, հետևում է, որ Ռուսաստանը կատարի մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները: 2017 թվականին խումբը հայտարարեց, որ աստիճանաբար դադարեցնում է օտարերկրյա դրամաշնորհները՝ «օտարերկրյա գործակալ» պիտակավորումից խուսափելու համար։