Տարվա ամենամասշտաբային ու ամենասպասված իրադարձությանը մնաց 3 օր:
Հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» տոնական միջոցառումները Երևանում մեկնարկեցին դեկտեմբերի 5-ին: Հայկական կողմը նախապատարաստական աշխատանքները սկսել էր դեռ անցյալ տարվանից, հիմա կատարված աշխատանքն ամփոփելու ժամանակն է:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Եվրոպական կողմի հետ բանակցելու համար պետք էր վստահություն, որ մենք ունենք անհրաժեշտ ֆինանսավորումը, մենք Կառավարությունից ստացանք հաստատումը, որից հետո վերջնական հաստատեցինք մեր պատրաստակամությունը անցկացնել «Եվրատեսիլը» Երևանում: Ներգրավվել են հարյուրավոր աշխատողներ «Եվրատեսիլն» իրականացնելու համար, ոչ միայն Եվրոպական հեռարձակողի գործընկերներն են մեզ օգնել, այլև եվրոպական երկրներից մասնագետներ, այս պահին էլ հազարից ավելի մասնագետներ աշխատում են համալիրում:
Մրցույթի գործադիր ղեկավարը կազմակերպչական աշխատանքները բարձր է գնահատում, ասում է՝ բացման արարողությունը Հանրապետության հրապարակում տպավորիչ էր:
Մարտին Օսթերդալ («Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար) - Ամեն տարի «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցների թիվն ավելանում է, և մենք բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ ենք բացահայտում: Սա պայմանավորված է նաև հյուրընկալող կողմի կազմակերպած միջոցառումներով: Արդեն տեսել ենք զարմանահրաշ բեմը, որն այստեղ Երևանում է տեղադրվել, այն հրաշալի աշխատանքը, որ իրականացնում է հայկական թիմը:
Օսթերդալի խոսքով՝ դրական են նաև արձագանքները, որոնք լսել է 16 պատվիրակություններից, վստահ է, որ սպասվելիք միջոցառումները նույնպես հետաքրքիր ու անակնկալներով լի կլինեն:
Մարտին Օսթերդալ - Բոլորն իսկապես հիացած են ոչ միայն միջոցառումների կազմակերպման բարձր որակով, ենթակառուցվածքներով, բեմով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, այլև այն ջերմ ընդունելությամբ ու հյուրընկալությամբ, որին մենք արժանացել ենք:
«Մանկական Եվրատեսիլի» հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար ստեղծագործական խումբը Երևան է հրավիրել նաև նախորդ տարիների 19 հաղթողներին: Արտիստները մասնակցել են մրցույթի բացման արարողությանը:
Հովհաննես Մովսիսյան - Բուն շոուի ընթացքում նրանք նույնպես բեմում են լինելու, և ես հուսով եմ, որ դուք կհավանեք այն համարը, որը շատ օրիգինալ է, և բավական երկար մեր թիմն աշխատում է այդ հաղթողների համարի վրա, որտեղ հանդես է գալու նաև Տավուշի թեմի երգչախումբը:
Գարիկ, Իվետա Մուկուչյան և Կարինա Իգնատյան հաղորդավարական եռյակին է միացել նաև հայկական Ռոբին անունով հայտնի ռոբոտը:
Հովհաննես Մովսիսյան - Այն ցույց է տալիս և մարմնավորում է այս շոուի ընթացքում Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, այն ներուժը, որը կա այսօր Հայաստանում, և մենք գնում ենք այդ ուղղությամբ, և մեզ համար կարևոր է ցույց տալ այս հնարավորությունները:
Միջազային մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ամբողջ աշխարհում: «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի տոմսերն արդեն սպառվել են, կազմակերպիչները խորհուրդ են տալիս չգնել շրջանառվող կեղծ տոմսեր՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան