Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի պատվիրակությունը Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակության այցը միտված է Հայաստան-OpenAI կրթական գործընկերության մեկնարկին՝ նպատակ ունենալով խթանել դասավանդողների կարողությունների զարգացումը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
ԿԳՄՍ նախարարության, արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI-ի և Firebird ընկերության համագործակցության արդյունքում Հայաստանի դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները սեպտեմբերից հասանելիություն կունենան ChatGPT Edu և Codex հարթակներին՝ ստանալով շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն։ ChatGPT Edu հարթակը կրթական հաստատությունների համար նախատեսված հավելված է, որը դպրոցներին և բուհերին հնարավորություն է տալիս կիրառել առաջադեմ արհեստական բանականության գործիքներ՝ ապահովելով տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշներ։ Բարձրագույն կրթության համակարգում հարթակից կկարողանան օգտվել թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, իսկ հանրակրթության ոլորտում՝ ուսուցիչներն ու ավագ դպրոցի սովորողները։
Աշխատանքային քննարկումների շրջանակում նախատեսվում է պաշտոնապես մեկնարկել «Education for Countries» ծրագրի առաջին տարվա իրականացումը՝ սահմանելով կառավարման մեխանիզմները, հաջողության գնահատման չափորոշիչները և Օփեն ԷյԱյ (OpenAI)-ի աջակցությամբ մշակված ներդրման ճանապարհային քարտեզը։ Ծրագիրն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ), Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանի և կոմիտեի մասնագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում ծրագրի կառավարման և իրականացման կառուցվածքը, անդրադարձ է եղել գործընկեր հաստատությունների դերակատարմանը, որոշումների կայացման մեխանիզմներին և համալսարաններում գործիքի ներդրման մեխանիզմին։
Հանրակրթության ոլորտին նվիրված քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառմանը կրթական գործընթացում՝ կարևորելով ուսուցիչների և սովորողների թվային կարողությունների զարգացումը, անհրաժեշտ մեթոդական աջակցության ապահովումը։
ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը կարևորել է կրթական համակարգի բոլոր հիմնական խմբերի՝ դպրոցի ղեկավարների, ուսուցիչների և աշակերտների միաժամանակյա ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ արհեստական բանականության կիրառումը պետք է նպաստի կրթության որակի բարձրացմանը և սովորողների ուսումնական արդյունքների բարելավմանը։
Քննարկվել են նաև ուսուցիչների, հետազոտողների և կրթության ոլորտի այլ շահառուների համար կարողությունների զարգացման ծրագրերը, որոնք ներառում են գործնական վերապատրաստումների, «վերապատրաստողներին վերապատրաստելու» (train-the-trainer), հետազոտական աշխատարանների տեղայնացված մոդելների մշակումներ։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դպրոցների տեխնիկական հագեցվածությանը։ Նշվել է, որ վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում դպրոցներում թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ ընդլայնելով ինտերնետային կապը, ստեղծելով համակարգչային լաբորատորիաներ և ԲՏՃՄ կրթության համար անհրաժեշտ պայմաններ։
ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության OpenAI հարթակի պատասխանատու Ալինա Լեոնի խոսքով՝ նախատեսվում է սերտ համագործակցություն պետական և կրթական կառույցների հետ՝ կրթության ոլորտում նորարարական լուծումների ներդրման և տեխնոլոգիական վերափոխումների արդյունավետ իրականացման նպատակով։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկն ավարտելու նախապատրաստական աշխատանքները՝ ապահովելով ծրագրի արդյունավետ գործարկումը և կրթական համակարգում արհեստական բանականության գործիքների պատասխանատու, անվտանգ և նպատակային կիրառումը։
OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակությունը Հայաստան այցի շրջանակում աշխատանքային հանդիպումներ կունենա նաև բուհերի աշխատակազմերի և ուսանողների հետ, այցեր կունենա հանրակրթական ուսումնական հաստատություններ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ), Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն