Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ներկայացվել է, որ շարունակվել են վարչատարածքային բարեփոխումները. 915 համայնքի փոխարեն ձևավորվել է 71 խոշորացված համայնք: Նշվել է, որ արդեն 2 տարի գործում է համայնքներին ամրացված անշարժ գույքի հարկի հավաքման էլեկտրոնային համակարգ, և արձանագրվել են բարձր ցուցանիշներ. 2022 թվականին 800 000 բաժանորդ համայնքային հարկերը վճարել է առցանց տարբերակով:
Կառավարության և միջազգային գործընկերների օժանդակությամբ՝ շուրջ 21.9 մլն դոլարի ծրագրերով շարունակվել է համայնքների ենթակառուցվածքային զարգացման և նյութատեխնիկական ապահովման գործընթացը: 2018-2022 թթ. համայնքներում իրականացվել է 1897 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 90 մլրդ դրամ արժեքով: Արդեն ստացվել են 2023-ի սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը. ներկայացվել է 459 ծրագիր՝ ավելի քան 112 մլրդ դրամ արժեքով:
Շարունակվել են ճանապարհային ցանցի վերականգնման և զարգացման ծրագրերը՝ արդիականացման, որակի և անվտանգության բարելավման միջոցով: Նշվել է, որ 2022 թ. համար նախանշված՝ 500 կմ ճանապարհաշինության թիրախը գերակատարված է. ներկա դրությամբ իրականացվել է 530 կմ ասֆալտապատում:
Շարունակվել է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և անվտանգության ապահովման գործընթացը. լիցենզիայի ժամկետը երկարաձգվել է մինչև 2031թ.: Ավարտին է հասցվում 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը առաջին անգամ 2019-ից իրականացվել է նաև Երևանում։
Վարչապետն ընդգծել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքային բարեփոխումների առաջնահերթությունը, կարևորել է սուբվենցիոն ծրագրերի որակի ապահովումը, համայնքների խոշորացման նպատակային իրականացումը, էլեկտրոնային կառավարման համակարգերի հասցեականությունը, աղբահանության գործընթացի ճիշտ կազմակերպումը, գյուղական ճանապարհների ասֆալտապատումը, ճանապարհների սպասարկման և կշռման ժամանակակից համակարգերի ներդրումը, գազալցակայանների նկատմամբ վերահսկողության խստացումը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան