ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը Ռուսաստանի Դաշնությունը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին է նվիրաբերել մոբիլ կլինիկա: Այսօր տեղի ունեցավ շարժական ախտորոշիչ չորրորդ կլինիկայի բացման արարողությունը: Մասնագետները փաստում են՝ նախորդ տարիների ընթացքում մոբիլ կլինիկաների շնորհիվ ախտորոշումը հասանելի է եղել մեծ թվով մարդկանց։
Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան) - Առողջապահության ոլորտում մեր գործակցության ընթացքում կարևորում ենք այս հիվանդության դեմ պայքարը: Ծրագիրն իրականացվում է 2013-ից, երկու երկրներից ներգրավված են մեծ թվով մասնագիտացված հաստատություններ: Համոզված եմ, որ այս գործընթացը շարունակվելու է, քանի որ այն շատ կարևոր է մեր երկրների համար:
Շարժական կլինիկան այսօր տեղակայվել է Ազատության հրապարակում: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն ասում է՝ յուրաքանչյուր անձ կարող է անվճար թեստավորվել և գաղտնի ստանալ պատասխանը: Ստեփան Աթոյանը նշում է՝ այս վարակի տեմպն ամբողջ աշխարհում շարունակում է աճել, Հայաստանը բացառություն չէ:
Ստեփան Աթոյան (ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար) - Շարժական կլինիկայի առավելությունն այն է, որ մեզ թույլ է տալիս շատ դժվարամատչելի վայրեր հասնել՝ մարզերում, շրջաններում: Մենք շարժական կլինիկան կարող ենք իրականացնել, թե՛ մասնագետների կողմից զննում, թե՛ սոնոգրաֆիկ հետազոտություններ, շուտով նաև կհամալրվեն կլինիկաները շարժական թվային ռենգեն սարքավորումներով և նույնիսկ ռենտգեն հետազոտություն կարող ենք տեղում իրականացնել: Կասկածելի դեպքերն արդեն, իհարկե, կուղղորդվեն մասնագիտացված կենտրոններ:
Հաշվառված լինելու դեպքում դողորայքը տրամադրվում է անվճար՝ անկախ ազգությունից:
Հայաստանի քաղաքացիների շրջանում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ախտորոշվել է ՄԻԱՎ-ի 430 դեպք (313-ը՝ արական և 117-ը՝ իգական սեռի)։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ՁԻԱՀ-ի 190 դեպք (141-ը՝ արական և 49-ը՝ իգական սեռի): 10 ամսում ընդհանուր գրանցվել է մահվան 60 դեպք:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ի դեպքերը, ցավոք սրտի, աճում են, և էստեղ էլ` Հայաստանում էլ, մենք գրանցում ենք, որ տարեցտարի ավելի շատ դեպքեր են գրանցվում: Մի կողմից, իհարկե, ուրախալի է, որ մենք կարողանում ենք հայտնաբերել դեպքերը, և գիտեք, եթե մարդիկ ավելի շուտ իմանում են իրենց կարգավիճակի մասին և ստանում են դեղերը, որոնք անվճար տրամադրվում են կենտրոնի կողմից, նրանք կարող են երկար տարիներ ապրել, որակյալ կյանքով ապրել և որևէ խնդիր չունենալ առողջական, և մեր հենց խնդիրն է, որպեսզի կարողանանք մարդկանց ավելի շուտ էդ թեստավորման հնարավորություն տալ:
Լենա Նանուշյանն ասում է՝ վերջին երկու-երեք տարում ոլորտում ներդրվել են նոր ծրագրեր: Հանրապետության պոլիկլինիկաներում հասանելի են հիվանդությունը ախտորոշող թեստեր: Իսկ արդյունքը դրական լինելու դեպքում վերջնական հաստատման համար պետք է այցելել կլինիկա:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան