Էրդողանի հետ առաջին հանդիպումն էր, ընդհանուր առմամբ դրական տպավորություն եմ ստացել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին։
Վարչապետի խոսքով՝ ինքն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ և հեռախոսազրույցը և հանդիպումը գնահատում է դրական։
«Իմ տպավորությունն այն է, որ մեր խոսույթներն անհամատեղելի չեն, և եթե լինի հետևողական աշխատանք, լինի քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,- նշեց վարչապետը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորելու խնդրին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այո՛, ասվում է առանց նախապայմանների, բայց բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը այդ խոսակցության մեջ ներկա է, այսինքն՝ դա մենք գիտենք, բայց առնվազն, որ պաշտոնական մակարդակում արձանագրվում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, առնվազն վատ չէ, քանի որ կարող էր պաշտոնական մակարդակում արձանագրել, որ կա նախապայման հարաբերությունների կարգավորման համար»:
Վարչապետը նշեց, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների շփման արդյունքում և Թուրքիայի նախագահի հետ իր անձնական երկու շփումների արդյունքում տեսնում է, որ կան հնարավորություններ խնդիրները լուծելու համար։
«Բայց դա չի նշանակում, որ կլուծվեն այդ հարցերը, դա նշանակում է, որ խոսակցությունը սկսվել և զարգանում է, և խոսակցությունը կանգնած չէ։ Հիմա եթե հաջողվի երրորդ երկրի քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացել, սա շատ լուրջ առաջընթաց կլինի, և հիմա դրա ուղղությամբ աշխատում ենք, բայց չեմ ուզում իլյուզիաների մեջ ընկնենք, որ մեկ-երկու օրում կամ մեկ-երկու գործողությամբ այդ հարցը լուծելու ենք»,- ասաց նա։