Եվրոպան բախվել է էներգակիրների և պարենային ապրանքների գների աճին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո:
ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ որոշ եվրոպական երկրներ տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում կչեղարկեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Politico թերթը։
«Եվրոպայում գործող ամերիկացի պաշտոնյաները զգուշացնում են Վաշինգտոնի գործընկերներին, որ մի շարք երկրներ, որոնց բնակչությունն աջակցում է Ռուսաստանին, զայրանում են պատժամիջոցներից և ԱՄՆ-ին մեղադրում են ծախսերի աճի համար: Այս տրամադրությունը կարող է ստիպել եվրոպացի առաջնորդներին հրաժարվել պատժամիջոցներին իրենց աջակցությունից»,- ասվում է ներքին զեկույցներում:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ թեև իրավիճակը կայուն է, այն «սկսում է ցնցվել»։
Ավելի վաղ բելգիացի սենատոր Ալեն Դետեքսը կոչ էր արել Եվրոպային բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի հարցով։ Նա վստահ է, որ Եվրոպան պետք է հրաժարվի Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու կոշտ դիրքորոշումից։
Ըստ Global Times-ի՝ ԵՄ երկրներն ավելի ու ավելի են անհանգստանում ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականությունից։ Գերմանիան, Ֆրանսիան և Եվրամիությունն սկսել են բացահայտ խոսել այս մասին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, օրինակ՝ արդեն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամերիկացիները գազը Եվրոպային շատ ավելի թանկ գնով են վաճառում։