Քաղաքացիության շնորհման բաժինն այս տարի ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունում ամենածանրաբեռնվածն է: Տասն ամսում ՀՀ քաղաքացիություն է տրվել շուրջ 14 հազար անձի: Նախորդ ամբողջ տարվա ընթացքում այդ թիվը եղել է 7400: Քաղաքացիության շնորհման համար հունվարից հոկտեմբեր անձնագրային և վիզաների վարչութունը ստացել է 20 հազար դիմում: Դա ռեկորդային ցուցանիշ է:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ) - Աճը սկսեց զգացվել մարտ ամսից սկսած: Մենք անցել ենք աշնան վերջին՝ երրորդ ամիսը, սակայն տեմպերը չեն նվազում ու պահպանվում են: Ուսումնասիրութունները ցույց են տալիս, որ այս տեմպերը դադարելու միտում չունեն, և դիմումների քանակի նման աճը շարունակվում է և դեռ շարունակվելու է:
Դիմողների քանակով այս տարի Ռուսաստանը ընդգծված առաջատար է: Գլխավոր պատճառն, ըստ Արա Մկրտչյանի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունն է: Հենց դրա սրումից հետո Ռուսաստանում բնակվող, ՀՀ քաղաքացիություն չունեցող մեր հայրենակիցները և նրանց ընտանիքների անդամները ակտիվորեն սկսեցին դիմել Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար:
Ալբերտ Բոշյան - Ես դեռ ամռանն եմ վերադարձել: Եկել եմ քաղաքացիություն ստանալու համար: Իրականում դեռ վաղուց էի մտադրվել, սակայն միայն այս տարի ստացվեց զբաղվել դրանով: Ինչպես շատերը, ես նույնպես փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով եմ որոշել վերադառնալ հայրենիք: Կարող եմ հստակ ասել, որ մնալու եմ:
Քաղաքացիություն ստանալը շատերի համար հայրենադարձության առաջին քայլն է՝ նշում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատուն: Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում արդեն պարզ էր, որ նախորդ տարիների ցուցանիշները կգերազանցվեն:
Հովհաննես Ալեքսանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու) - 1991-ից ի վեր մենք կարձանագրենք ՀՀ քաղաքացիության դիմումների ամենամեծ թվաքանակը վերջին երեսուն տարվա ընթացքում: Քաղաքացիություն ստանալը ուղիղ կապ ունի հայրենադարձության գործընթացի հետ: Մարդիկ Հայաստանում իրենց կարգավիճակը կազմակերպում են և այդ կերպ կարողանում են նաև հետագա կյանքը դասավորել:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ի դեպ, քաղաքացիության դիմողների, հայրենադարձների համար խորհրդատվություն է իրականացնում, աջակցում նախ թղթաբանության, դիմումների լրացման, ապա՝ կենցաղում ինտեգրվելու հարցերում:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան