Ստուգման ակտ թե հարկային այլ փաստաթուղթ՝ ՊԵԿ-ը բիզնեսին ուղարկում է արդեն ՄԻԱՅՆ էլեկտրոնային եղանակով։ Հոկտեմբերի 1-ից, ինչ անցել են առցանց ծանուցումների, մոտ 8 500 գրություն են փոխանցել տնտեսվարողներին, նրանցից պատասխան՝ 110 առարկություն ստացել։ Տեսուչների հետ հեռակա շփում-քննարկումը տեղի է ունենում Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում, որտեղ ՊԵԿ-ը յուրաքանչյուր հարկ վճարողի անձնական գրասենյակում ստեղծել է ստուգումների, ուսումնասիրությունների, հանձնաժողովի որոշումների նոր բաժին:
Համակարգում ի՞նչը կարող է հաշվապահը տեսնել, ո՞ր փաստաթուղթը՝ միայն տնօրենը կամ այլ անձ՝ ընկերություններում պետք է իրենք որոշեն։ Դրա համար բիզնեսի ներկայացուցիչը պետք է հարկ վճարողի անձնական գրասենյակից մուտք գործի համապատասխան օգտվողի լիազորությունների «Էջեր» բաժին և շնորհի, օրինակ, էջը դիտելու, խմբագրելու-առարկություն ներկայացնելու կամ ստորագրելու լիազորություններ՝ ծրագիրն ակտիվացնելու քայլերն է հարկ վճարողներին բացատրում կոմիտեի տեխնոլոգիական բաժնի պետը։
Լուսինե Այվազյան (ՀՀ ՊԵԿ վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ) - Առաջին հերթին, հարկ վճարողի առցանց լիազորը, որը նաև դերերի բաշխողն է, պետք է այն անձանց, որոնք պետք է օգտվեն համակարգից, շնորհի համապատասխան լիազորություններ:
Որ գործարարը չասի՝ ծանուցումը չեմ ստացել, հարկային տեսուչն էլ՝ բիզնեսի առարկությունները չեն տեղ հասել, համակարգը յուրաքանչյուր գրագրությունից հետո՝ տվյալ ֆայլը հարկ վճարողի անձնական գրասենյակում տեղադրված լինելու մասին վկայող հավաստման փաստաթուղթ է ձևավորում։ էլեկտրոնային այս համակարգը ՊԵԿ-ին թույլ է տալիս ազատվել այն իրավիճակներից, երբ, օրինակ, տնտեսվարողը հրաժարվում է վերցնել առձեռն տուգանքի ակտը, ստիպված էին լինում այն փոստով ուղարկել՝ դա էլ չէին վերցնում։ Օրենքի լրացմամբ հիմա՝ փաստաթուղթը ծրագրում տեղադրելու պահից, հարկ վճարողն այլևս խուսափել չի կարող, համարվում է պատշաճ ծանուցված՝ ասում է ՊԵԿ հարկային վարչարարության պաշտոնյան։
Արսեն Արզումանյան (ՊԵԿ Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ) - Հանձնարարագրերը, ակտերի կամ արձանագրությունների նախագծերը, որոշումները, հրամանները... այժմ նշված փաստաթղթերը ծանուցվելու են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով և անմիջապես հասանելի են լինելու հարկ վճարողին:
Հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները նույնպես հիմա այս համակարգով են ծանուցվում։ Փաստաթղթերը կարող են նաև էլեկտրոնային փոստով ուղարկել, եթե բիզնեսն ինտերնետ-հասցե նշի անձնական գրասենյակում՝ հայտարարում են ՊԵԿ-ից։ Խոստանում՝ ծանուցման վերաբերյալ տեղեկատվությունը առաջիկայում նաև բջջային հեռախոսահամարով ներկայացնել։
Հեղինակ՝ Հերմինե Բաղդասարյան