Մարդատար մեքենաների ներմուծման և արտահանման ոլորտում Հայաստանում այս տարվա սկզբից ակտիվություն է նկատվում. միայն հունվար-սեպտեմբերին երկիր է բերվել ավելի քան 24 հազար մեքենա: Կտրուկ աճել է ներմուծումը հատկապես Միացյալ Նահանգներից։ Հաջորդում են Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Գերմանիան և Չինաստանը:
Վարդան Մաթևոսյան (ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետի տեղակալ) - Նախորդ տարվա նկատմամբ շատ աճել են ներմուծման ծավալները: Նախորդ տարի 9 ամիսների ընթացքում ունեցել ենք 4410 մեքենա ներկրված, իսկ էս տարի՝ 24 367, որը 5.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ըստ ավտոներմուծողների՝ վերջին ամիսների աճող արդյունքները փաստում են, որ մինչև տարեվերջ Հայաստան մեքենաների ներմուծման աճի միտումը կշարունակվի. դա որոշակիորեն պայմանավորված է էլեկտրամոբիլների ներմուծման մաքսային արտոնություններով. ոլորտի ներկայացուցիչները նաև այլ պատճառներ են առանձնացնում.
Շուշան Խաչատրյան (մեքենա ներմուծող ընկերության ներկայացուցիչ) - Դա կապված է հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի հետ, ռուսաստանցիների ներհոսքով Հայաստան: Ու պլյուս՝ արտահանումներ դեպի Ռուսաստան՝ կախված սանկցիաներից, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ:
Պետական եկամուտների կոմիտեի տվյալով ևս, ներմուծմանը զուգահեռ, ավելացել է արտահանման ցուցանիշը: Եթե նախորդ տարվա ինը ամսում արտահանվել էր 1294 ավտոմեքենա, այս տարի այդ թիվը մոտ 7000 է: Ավտոներմուծողների խոսքով՝ հիմնականում արտահանվել են ԱՊՀ երկրներ, առաջատարը Ռուսաստանն է: Արտահանման մեծ ծավալի պատճառով է նաև, որ ներքին շուկայում մեքենաները որոշակիորեն թանկացել են.
Շուշան Խաչատրյան - Եթե ներքին շուկայով ենք նայում, ապա քաղաքացիները ավելի շատ մտածում են երկու-երեք ամիս սպասելու արդյունքում ունենան շուկայում 30-40% ավելի էժան մեքենա ու տարեթիվն ավելի բարձր, որովհետև նույն գնային սանդղակով մի քանի տարվա տարբերությամբ արդեն մեքենաները կարողանում են ներկրել, արդեն նոր մաքսազերծման պայմաններից ելնելով ավելի թարմ մեքենաներ:
2020-ից սկսած որոշակիորեն բարձրացել է նաև Հայաստան ներմուծվող մեքենաների միջին արժեքը:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան